Մի խումբ երիտասարդներ թղթի թափոնի գումարը փոխանցում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ՎՎահե Դավթյան

Առաջնագծին աջակցելու ինքնատիպ նախաձեռնություն: Մի խումբ երիտասարդներ թղթի թափոն են հավաքում, հանձնում ու փողը փոխանցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Դարպասներից ներս ընդունման կետն է: Ընկերներից մեկն է տան ավտոտնակը տրամադրել՝ իմանալով նախաձեռնության մասին: Գաղափարը միանգամից եկավ՝ թուղթ հավաքել-հանձնել, գումարը փոխանցել բանակին:

Սեդա Սարգսյան (նախաձեռնության անդամ) - Մենք այստեղ այսքանով ենք, մեր ընկերներից շատերը գալիս են, օգնում: 

Աշխատում էին Արարատում, նպատակի մասին գրեցին սոցիալական ցանցերում: Արձագանքը սպասվածից ավելին էր, հիմա թիմերով աշխատում են Երևանում և Արարատում: Բացի ստվարաթղթից, ընդունում են ցանկացած թուղթ, կիլոգրամը հանձնում 50-80 դրամով: Սկզբում նախատեսել էին կես միլիոն դրամ հավաքել, բայց մի քանի օրում կես միլիոնը դարձավ մեկ, հետո՝ մեկուկես, հիմա էլ խնդիր են դրել հավաքել 3 մլն դրամ: Արժեքավոր գրքեր կան, որ ափսոսում են հանձնել, տեղում վաճառում են:

Սեդա Սարգսյան - Բարերարներից մեկը, անունը խնդրել է չնշենք, մեզանից 200 եվրոյի գիրք է գնել:

Օրական մինչև 500 կգ թուղթ են ընդունում, տեսակավորում, ուղարկում հանձնման կետ: Իմանալով՝ ինչին է ծառայելու գումարը, ընդունման կետերը մի փոքր էլ ավելի են վճարում:

Ռուզաննա Հայրապետյան (նախաձեռնության անդամ) - Ա4 ֆորմատի թուղթն առանձին ենք դասավորում, եթե հին գիրք է կամ գրքերի մնացորդ՝ դրանք առանձին: 

Թուղթ շատերն ունեն, բայց խնդիրը տեղափոխելն է ընդունման կետ: Այս հարցում օգնում է կամավորներից Արմենը: Եզդի եղբայրներին ուղարկել է ռազմաճակատ, ինքն էլ կամավորագրվել, սպասում է իր հերթին: Մինչ այդ, սեփական մեքենայով եկել, օգնում է կամավորների խմբին:

Արմեն Բաքոյան (նախաձեռնության անդամ) - Հիմնականում առավոտյան 9:00-ից քաղաքի մի ծայրից մյուսը շրջում եմ հասցեներով: 

Հավաքված գումարը փոխանցում են Զինվորների ապահովագրության հիմնադրամին: Արդեն շուրջ 1,5 մլն փոխանցել են: Երկու-երեք օր աշխատում են, գումարը շատանում է՝ նոր են փոխանցում:

Սեդա Սարգսյան - Արդեն հանձնել և ստացել ենք 305 հազար, դեռ չենք փոխանցել, սպասում ենք՝ մի քիչ էլ հավաքվի, նոր փոխանցենք:

Կամավորների պակաս չունեն, ովքեր զանգում, թուղթ են բերում, մի քանի ժամ էլ օգնում են, թղթերը տեսակավորում: Շատ կամավորներ էլ պատրաստակամ են հավաքված թուղթն իրենց մեքենաներով հանձնման կետ տեղափոխել: Ասում են՝ պատրաստ են աշխատելու, ինչքան պետք է, միայն թե հաստատվի վերջնական խաղաղություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում