Թշնամական դրոնների անկոչ այցից հետո անգամ Վարդենիսի դաշտերում կարտոֆիլի բերքահավաք է

ՀՀերմինե Բաղդասարյան

ԱԹՍ-ից արագ են շարժվում՝ կատակում են Վարդենիսի դաշտերում կարտոֆիլ հավաքողները: Մոտ տասն օր առաջ այս կողմերում երեխա վիրավորած ադրբեջանական դրոնը մարդկանց միայն մի քանի օր տներում պահեց: Հիմա մոտ 200 մեծ ու փոքր բերքահավաքի են՝ մարտական տրամադրությամբ:
Ցորեն, գարի, նաև կաղամբ են մշակում եղբոր հետ՝ ասում է խաչաղբյուրցի ֆերմերը: Կարտոֆիլի ցանքը մեկ շաբաթ է, ինչ սկսել են քանդել: Վաճառքի գինն ամեն տարվա համեմատ, ցածր է:

Տոնո Խաչատրյան (Խաչաղբյուրցի ֆերմեր) - Մի քանի օր առաջ դուրս եմ կարտոշկա ուղարկել՝ մի քիչ ցածր ա, բայց տարվա համար նորմալ է:

Միայն մի պահ են աշխատուժի դեֆիցիտ ունեցել: Օգնող ձեռքերն այժմ այնքան շատ են՝ գյուղմթերքը պարկերն են լցնում հողի վրա, տեղում սորտավորելուց հետո:

Սահմանն իրենց ամուսինները, եղբայրներն ու հայրերն են պահում. դիրքերն ամուր են՝ վստահ են պարկերը կարտոֆիլով լցնող կանայք: Բրիգադի սակավաթիվ տղամարդկանց թողել են բերքը կշռել-բարձելու ծանր գործը: Խնդիր չէ նաև տրակտորը. սեզոնի լարվածությունից անկախ՝ կոնկրետ Մեծ Մասրիկ գյուղում տեխնիկայի պակաս չունեն:

Արմեն Ասատրյան (Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար) - Իհարկե բավարար է: Քիչ չէ՝ մոտ 400 հա կարտոֆիլ կա գյուղում:

Աշնան մեղմ արևի տակ հարևանները պարկեր են լցնում, բայց միևնույն է, բերքը ոչ մեկին սրտանց չի ուրախացնում:

Տոնո Խաչատրյան - Տխուր ենք, բերք-բարիքը լավ ա, իմ ծանոթներից էլ են զոհվել, խոստացել ենք՝ քանդելուց հետո իմ կողմից էլ ուղարկենք բանակին:

Բոլորով պետք է իրար պահենք՝ ասում են գեղարքունիքցիները: Կրակոցների վտանգից անկախ՝ դաշտի ավանդույթը չեն խախտել. կարտոֆիլի փուռը թեժ է: Առաջին բաժակը սահման պահողների համար են բարձրացնելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում