ՀՀովհաննես Վարդանյան

Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ եմ. ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի հոդվածը The Boston Globe պարբերականում

Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ եմ. ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի հոդվածը The Boston Globe պարբերականում

Ամերիկահայ անվանի գրող, «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի հեղինակ Քրիս Բոհջալյանի հոդվածը տպագրվել է ամերիկյան The Boston Globe պարբերականում՝ փոխանցում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: 

«Կովկասում՝ Արցախի Հանրապետությունում, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, մարդասիրական ճգնաժամ է: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի աջակցությամբ, որ վարձկաններ և զինամթերք է տեղափոխում առաջնագիծ, հրետակոծում են Արցախում գտնվող 150000 հայերին: Մայրաքաղաք Ստեփանակերտն օրեր շարունակ հրետակոծվում է, չնայած այն հրադադարին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ից: Հրետակոծվում են հիվանդանոցներ, դպրոցներ և եկեղեցիներ:

Աշխարհի մեծ մասը քարտեզի վրա չի կարող գտնել Արցախի տեղը: Իհարկե, աշխարհի մեծ մասը չի կարող գտնել նաև Հայաստանը և Ադրբեջանը: Բայց ես Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ եմ, ես եղել եմ այնտեղ: Խաղաղ ժամանակ ես եղել եմ առաջնագծում, զինվորների հետ կանգնել եմ խրամատում, այցելել եմ դպրոցներ:

Ինչո՞ւ է Արցախը լարվածության օջախ: Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախն իր սեփականությունն է՝ վկայակոչելով տարածքային ամբողջականության սկզբունքը: Մինչդեռ հայերը պնդում են, որ Արցախն իրենցն է՝ ազգերի ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Պատմությունը հայերի կողմից է: 1923 թվականին Իոսիֆ Ստալինն այս տարածքը տվեց Ադրբեջանին` անտեսելով դրա հայաբնակ լինելու փաստը և նպատակ ունենալով խաթարել էթնիկ համերաշխությունը, ինչն էլ, իր հերթին, կարող էր խարխլել Խորհրդային Միությունը: Բայց այս շրջանն ուներ հայկական մեծ ժառանգություն, օրինակ՝ միջնադարյան Դադիվանքը՝ մոգական ու գեղեցիկ որմնանկարներով:

1988 թվականին այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը քվեարկեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը միացման օգտին: Բայց ԽՍՀՄ-ը փլուզման եզրին էր և չէր կարող խաղաղեցնել հակահայկական բռնությունները, որոնք բռնկվել էին ամբողջ Ադրբեջանում, հատկապես՝ Բաքվում, որտեղ հայերը ջարդերի թիրախ դարձան և ստիպված էին արտագաղթել Արցախ, Հայաստան, իսկ որոշ դեպքերում՝ Ամերիկա։ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, և հաջորդ երեք տարիներին պատերազմելով՝ ի վերջո, հայերը հաղթեցին: Զոհվեց մոտ 30000 մարդ, և գրեթե 1 միլիոն մարդ տեղահանվեց:

Նավթ և բնական գազ ունեցող Ադրբեջանը երբեք չի համակերպվել այդ տարածքի կորստի հետ. տարածք, որտեղ հիմնականում մացառ է, նռան և խաղողի այգիներ: Ավելին, դա միշտ եղել է աստվածաշնչյան «Դավիթ և Գողիաթ» պայքարը. Արցախի 150000 հայերը պայքարում են 10 միլիոն ադրբեջանցիների դեմ: Այժմ անհամապատասխանությունն ավելի է աճել Թուրքիայի ներգրավվածության պատճառով: «Մարդիկ այստեղ հավատում են, որ ցանկացած պահի կարող են հաղթել արդար պայքարում, բայց սա բոլորովին այլ բան է: Օրինակ՝ ԱԹՍ-ները և օդային հրետակոծությունները, որոնք Թուրքիայի մասնակցության վկայությունն են և մեծ վնաս են հասցնում»,- նշում է Ստեփանակերտում գտնվող Ամերիկայի քաղաքացի Անդրանիկ Գասպարյանը (Անթրանիգ Կասբարյան): Նա շահույթ չհետապնդող «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձու է՝ մի խմբի անդամ, որը փորձում է պայքարել աղքատության դեմ և խթանել կրթությունը Հայաստանում և Արցախում:

Թուրքիան վերակենդանացրել է նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայ քաղաքացիների պարբերական ոչնչացման ուրվականները` ինչպես ինքն է անվանում, «թրի ահաբեկչական մնացորդներին»՝ ստորացուցիչ եզրույթ հայ, ասորի և հույն փոքրամասնությունների համար, որոնց երիտթուրքերը մեկ դար առաջ փորձեցին բնաջնջել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակ նշել է, որ իր հակահայկական օրակարգում որպես դաշնակից է դիտարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Կորոնավիրուսային համաճարակը, ԱՄՆ-ի ելքը համաշխարհային թատերաբեմից և մեր ուշադրության կենտրոնացումը նախագահական ընտրությունների վրա Էրդողանի և Ալիևի համար ապահովեցին կատարյալ քողարկում Արցախի վրա կանխամտածված հարձակման համար:

Այս օրերին շատ չենք խոսում Հալեպի մասին։ Բայց ընդամենը մի քանի տարի առաջ էր՝ 2011 թվականին, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քաղաքը քաղաքացիական պատերազմի պատճառով հայտնվեց թերթերի առաջին էջերում: Ժամանակին ծաղկող քաղաքը հողին հավասարվեց և դարձավ փախստականների ճգնաժամի էպիկենտրոն, որն ազդեցություն թողեց Եվրոպայի մեծ մասի վրա, ինչպես նաև շարժիչ ուժ դարձավ Դոնալդ Թրամփի այլատյաց ընտրական քարոզարշավում (հիշենք «մահմեդականների արգելքը»)։ Հումանիտար ճգնաժամը` Հունաստանի, Հորդանանի և Լիբանանի փախստականների ճամբարները շարունակում են ողողվել մարդկային տառապանքներով։

Եթե Ստեփանակերտը հանձնվի, և Արցախն ապօրինաբար վերադարձվի Ադրբեջանին, ապա աշխարհը կարող է բախվել մեկ այլ Հալեպի՝ 150 հազար փախստականներով հակահայկական արյունահեղությամբ հումանիտար ճգնաժամի, որն ինը տարի առաջ տեսանք Սիրիայի հյուսիսային քաղաք Հալեպում, 1990 թվականին՝ Բաքվում և 1915 թվականին՝ Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում։ Միացյալ Նահանգները պետք է օգնի կասեցնել այս հումանիտար ճգնաժամը հետևյալ քայլերով.

  • Պահանջել, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան դադարեցնի զենքի տրամադրումն Ադրբեջանին ու ռազմաճակատ վարձկանների տեղափոխումը:
  • Պնդել, որ Ադրբեջանը և Թուրքիան անհապաղ համաձայնեն հրադադարի հաստատմանը:
  • Ճանաչել Արցախը՝ տալով նրան ավելի մեծ ուժ և ազդեցություն Ադրբեջանի հետ ցանկացած խաղաղ բանակցություններում: (Առայժմ ԱՄՆ յոթ նահանգներ՝ ներառյալ Մասաչուսեթսը, արդեն ճանաչել են այն):
  • Տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ:

Ես նպատակ չունեմ տարածքային ամբողջականության հայեցակարգը նսեմացնել: Բայց որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների զավակ՝ կարծում եմ՝ պարզ է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը շատ ավելի կարևոր է. հատկապես, երբ այլընտրանքը ոչնչացումն ու բնաջնջումն է»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում