Հոկտեմբերի 19-ը հրթիռահրետանային զորքերի օրն է

ՀՀովհաննես Վարդանյան

Այսօր՝ հոկտեմբերի 19-ը, Հայաստանի հրթիռահրետանային զորքերի օրն է: Հրետանային զորքերը վճռական նշանակություն են ունեցել թե՛ 1991-94 թթ. Արցախյան պատերազմում, թե՛ 2016-ի Ապրիլյանին: Սեպտեմբերի 27-ից վարձկան ահաբեկիչներով համալրված թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ հայ հրետանավորներն այսօր էլ աչքի են ընկնում սխրանքներով: Գոտեպնդում են յուրայիններին, վախեցնում թշնամուն:

Գեներալ Մարդոյանը, ով արդեն պահեստազորում է, 37 տարվա հրետանավոր է: Սկսել է մարտկոցի հրամանատարից, հասել մինչև հրթիռային զորքերի հրետանու պետի պաշտոնին: Լավ գիտի, թե հրետանավորներն ինչ ճանապարհ են անցել, 2016-ին ինչպես են հուժկու հարվածներով զսպել թշնամու ախորժակը:

Ալբերտ Մարդոյան (պահեստազորի գեներել-մայոր) - Ապրիլյանի ժամանակ, կարծում եմ, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վճռորոշ դեր է ունեցել հրետանին: Ունեցել ենք հաջողություններ և՛ հակատանկային ստորաբաժանումների կողմից, և՛ անմիջապես մարտի դաշտում՝ հակառակորդի տանկերի խոցման և փողային հրետանու գործողություններից:

Այն, որ հրետանին հոգեբանական զենք է, գիտեն բոլորը: Միայն դրա ներկայությունն ու հուժկու կրակը ոգևորում, գոտեպնդում են յուրայիններին, նաև հակառակը՝ վախեցնում թշնամուն: Արցախի սահմանին այս րոպեին էլ, երբ ակտիվ մարտեր են ու չդադարող հրթիռային կրակոցներ, մեր հրետանավորները նոր պատմություններ են կերտում:

Ալբերտ Մարդոյան - Այսօր էլ է երևում հրետանավորների գործունեությունը և, դիտարկելով այն, կարելի է ասել, որ հերոսական մարտեր են վարում և մարտի դաշտում էլ ունեն բավականին մեծ հաջողություններ:

«Հրետանին պատերազմի աստվածն է» միտքը շուրջ 70 տարվա պատմություն ունի: Գեներալ Մարդոյանն ու հրետանավոր ընկերները համակարծիք են՝ պատերազմի ելքը որոշող հրետանու արկերն աստվածային հատկություն ունեն:

Ալբերտ Մարդոյան - Երբ հրետանին սկսում է գործել, ապա դա տեսնել է պետք ու հասկանալ՝ ինչի՞ է պատերազմի աստված: Այդ թոհուբոհից, ձայնից իր հզորությունը, որ ինքն իր մեջ պարունակում է, կրակային խոցման ցուցանիշ է:

24-ամյա պատմություն ունեցող հրթիռահրետանային զորքերը դեռ երկար կզարմացնեն, կխոցեն ու շարքից կհանեն թշնամու մարտական դիրքերն ու հենակետերը, իրենց մարտունակությամբ ու գրագետ կրակահերթերով էլ կապացուցեն՝ հայ հրետանավորներն անգերազանցելի են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում