Հակամարտության պարտադրանքը. Կոմերսանտ

Ռուսաստանյան «Կոմերսանտ» “Ъ” թերթի աղբյուրները վստահեցրել են, որ Արցախում սկիզբ առած պատերազմը նախագծել և սադրել է Թուրքիան՝ միտումնավոր կերպով: Աղբյուրները թերթին հայտնել են, որ անցած մի քանի ամսվա ընթացքում Անկարան Բաքվին ակտիվորեն դրդել է սկսել ռազմական գործողություններ և դրա դիմաց խոստացել տրամադրել քաղաքական, դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական ոլորտներում բազմակողմանի աջակցություն: «Կոմերսանտը» հիշեցրել է, որ Թուրքիայի ներգրավվածության մասին խոսել են նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները և տեղեկացրել, որ աղբյուրների համաձայն՝ հուլիսին Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններից հետո Թուրքիան իր խմբավորումների զգալի մասը թողել է Ադրբեջանի տարածքում՝ Ղարաբաղում հարձակողական գործողության նախագծումը և և իրագործումը համակարգելու համար: 

Թերթը նշում է Թուրքիայի 600 զինծառայողի մասին: Այն բաղկացած է 200-հոգանոց տեխնիկական գումարտակից, Նախիջևանում տեղակայված 50 կարգադրիչներից, Բաքվում գտնվող 90 խորհրդականից (նրանք ապահովել են բրիգադ - կորպուս - գլխավոր շտաբ շղթայի կապը՝ զինված գործողությունների ընթացքում), Գաբալայում տեղակայված 120-հոգանոց թռիչքատեխնիկական անձնակազմից, Դագլար օդակայանում գտնվող ԱԹՍ-ների 20 օպերատորից, Եվլախի օդակայանում տեղակայված 50 կարգադրիչներից, 4-րդ բանակային կորպուսում գտնվող 50 կարգադրիչներից, ռազմածովային բազայում  և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում գտնվող 20 մասնագետից: 

Թերթի աղբյուրն ընդգծել է, որ այդ խմբավորումը ներառել է 18 ՀՄՄ, համազարկային կրակի հրթիռային 1 կայանք, 10 միավոր ավտոտեխնիկա, 34 միավոր ավիացիոն տեխնիկա (ներառյալ՝ 6 ինքնաթիռ , 8 ուղղաթիռ, 20 ԱԹՍ), որոնք պետք է ապահովեին ռազմական հետախուզությունն Արցախի և Հայաստանի տարածքում: 

Թերթն ընդգծում է, որ դեկտեմբեր - հոկտեմբեր ամիսներին կտրուկ աճել է Թուրքիայից դեպի Ադրբեջան ռազմական օդուժի թռիչքների քանակը: Սեպտեմբերի 4-ին,21-ին և 25-ին Թուրքիայից Ադրբեջան է ուղևորվել երեք ռազմական ինքնաթիռ: 

Սեպտեմբերի 28-30-ը, ըստ լրատվամիջոցի՝ Ադրբեջան են այցելել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյուդարը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որոնք տեղում իրականացրել են ռազմական գործողությունների ընթացքի ընդհանուր կառավարումը: 

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 3-ին նույնպես Թուրքիայից Ադրբեջան է ուղևորվել նաև դեղորայքով և զինամթերքով բեռնված 3 ինքնաթիռ: 

Իսկ հոկտեմբերի 9-ին Ամմանից Բաքու ինքնաթիռով բերվել է 200 միավոր ДШК  գնդացիր: «Կոմերսանտի» աղբյուրը նաև հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության և հետախուզական ծառայությունների հովանու ներքո Սիրիայի իսլամիստ ահաբեկիչների ճամբարներում ահաբեկիչներին են հավաքագրում՝ ղարաբաղյան հակամարտության գոտում կռվելու համար: Սիրիայից և Լիբիայից մոտ 1500 զինյալ տեղակայվել է Թերթերի և Բայանդուրի շրջաններում և Ջեբրայիլի ուղղությամբ: Զինյալներին հիմնականում հավաքագրում են Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում, որոնք գտնվում են Թուրքիայի վերահսկողության տակ: Հավաքագրված զինյալներից, ըստ «Կոմերսանտի», նախքան Ադրբեջան ուղարկելը հավաքել են փաստաթղթերը և ասել, թե նրանց ծառայություններն անհրաժեշտ են լինելու մինչև 3 ամիս ժամկետով: 

Թերթի աղբյուրը նաև տեղեկացրել է, որ մինչև հոկտեմբերի 10-ի՝ մարդասիրական հրադադարի մասին հայտարարությունը Սիրիայում ակտիվորեն շարունակվել է մինչև 1500 ահաբեկչի հավաքագրումը: «Կոմերսանտը» նաև հիշեցրել է, որ մոտ 2200 զինյալներին Ադրբեջան ուղարկելու մասին արդեն գրել են BBC-ն և The Wall Street Journal-ը, ինչպես նաև ահազանգել Հայաստանի Կառավարությունը, Ֆրանսիայի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում