Վեցամյա Վահեն ընկույզ վաճառելով 77 հազար 450 դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՀՀերմինե Բաղդասարյան

Սա ցուցանակն է, սա էլ՝ ինքն ու իր դույլիկը: Վեցամյա Վահեն է՝ սոցցանցն ալեկոծած փոքրիկ արմավիրցին, որը բանակի համար գումար է հավաքում՝ ընկույզը հատը 100 դրամ վաճառելով:

Վահե Հովհաննիսյան - Ասում էի՝ հարյուր դրամ ա, 1000 դրամ էին տալիս...

Տանը տեղյակ են. երեխան լսել է, որ Հայաստանին զենք է պետք, տեսել՝ ինչպես են բոլորը գումար փոխանցում: Մայրիկն ասում է՝ սկզբում ուզում էր խաղալիքները ծախել, հետո՝

Սիրվարդ Աբգարյան (Վահեի մայրը) - Հետո պոպոք էին ուղարկել իրան գյուղից, ասաց՝ մամ, կարամ պոպոքներս վաճառեմ, ես չեմ ուզում ուտեմ: Ասացի՝ խնդիր չկա:

Հայրն էլ փոքրիկին չի արգելել՝ խաղը ժամանակավոր թողնել, նստել գետնին, հանգանակության արկղը դնել դիմացը: Ուրիշ հարց լիներ՝ երբեք: Բանակը՝ երեխայի-ծնողի պես սրբություն է, ինքը՝ ամեն պահի զորակոչի սպասող նռնականետից փորձառու կրակող:

Անդրանիկ Հովհաննիսյան (Վահեի հայրը) - Ես Ասկերանում եմ ծառայել՝ հետո Քելբաջարում 3 տարի պայմանագրային...

Առաջին օրվա հավաքած 7 450 դրամով առաջին դասարանցի Վահեն «Հայփոստ» է շտապել: Այստեղ են գումարը փոխանցել Հայաստան հիմնադրամին ու փոքրիկին մի լավ ոգևորել:

Սիրողական վիդեոյի նկարահանումը դեռ չէին ավարտել՝ լուրը տարածվեց Արմավիրում: Չէր հասցրել փոստից դուրս գալ՝ փող նվիրաբերող նոր մարդիկ կանչեցին՝ պատմում է բաժանմունքի աշխատակիցը:

Գայանե Մանուկյան (բաժանմունքի ավագ օպերատոր) - Զանգեր ստացավ հիվանդանոցից, քաղաքապետարանից, իրերը հավաքեց ու վազքով գնաց:

Հաջորդ առավոտյան՝ 6 տարեկան Վահեն «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» հաշվին երկրորդ փոխանցումն է արել:

Գայանե Մանուկյան - Հաջորդ օրը՝ 70 հազար դրամի կտրոնը՝ խնդրեմ, պահի Վահե ջան, սա երկրորդ օրվանն ա, 70 հազար դրամ:

Երրորդ կտրոնն էլ չի ուշանա: Փողոց դուրս գալուց առաջ երեխան հաշվում է դույլի հարստությունը:

Երկուսը տեղում վաճառեց. հարևան, ծանոթ, ով-որտեղ տեսնում է՝ զինվորի ընկույզի համար ժլատություն չի անում:

Չմտածեք ընկույզը վերջանալու է: Տղային սկսել են Արմավիրի շուկայից այն ուղարկել: Քանի դեռ սահմանին խաղաղ չէ՝ օրվա մարդաշատ ժամերին կլինի կամ հացի փռան կամ մոտակա խանութի դիմաց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում