Աշխարուհի տատը բանակին է նվիրաբերել հավաքած գումարն ու թոռանը ճանապարհել ռազմաճակատ
Պատերազմի գույժից Աշխարուհի տատիկի աչքերը մթնեցին։ Այգում էր, երբ իմացավ, որ թոռն էլ է ուզում զինվորագրվել։ Երեք պատերազմ տեսած տատը նորից արյուն ու ավեր տեսավ, կորուստները հիշեց։
Աշխարհուհի (Արևիկ համայնքի բնակիչ) - Հայրս ու եղբայրս զոհվել են 1941-1942 թթ., սրտիս ցավ է .․․
Չորս որդիներն ու ութ թոռները ծառայել-եկել են, պատրաստ են նորից զենք վերցնելու։ Դավիթ թոռը նոր է զորացրվել, զինկոմիսարիատ ներկայացավ մինչև ծանուցագիր ստանալը։
Աշխարհուհի տատը լավ գիտի՝ պետք է ազգը բանակ դառնա և ամուր հենարան լինի. Մինչ օգնության տարբերակներ էր մտածում, իմացավ, որ դրամահավաք է սկսվել։ Նպատակով փող ուներ հավաքած՝ թոշակից էր կուտակել։ Նվիրեց բանակին։
Աշխարուհի Գրիգորյան - Հավաքել էի, որ աչքս վիրահատեի, խաղողը դեռ չի ծախվել, որ տղաս փողը տար, ասացի թոշակս կհավաքեմ, կվիրահատվեմ, բայց էս զուլումն եկավ գլխներիս, ասացի՝ պիտի ուղարկեմ բանակ։
100 հազար դրամն ամբողջությամբ ուղարկեց։ Ասում է՝ եթե խաղողը վաճառած լինեին, ավելին կտար, ռազմաճակատին հիմա է փող պետք, իսկ աչքի վիրահատությունը կսպասի։
Աշխարուհի - Թող խաղաղութուն լինի, բոլորը գան տուն, թող աչքերս սենց էլ մնան։
Գյուղի հոգսաշատ առօրյան 87-ամյա կնոջը հնարավորություն չի տվել երկար նստել հեռուստացույցի առաջ, իսկ հիմա օրվա մեծ մասն անցկացնում է էկրանին գամված։ Աղոթքն անընդհատ շուրթերին է, ականջը՝ բարի լուրին։ Յուրաքանչյուր կորուստ ավելացնում է սրտի ցավը։
Լավատես է․ հավատում է մեր բանակի ուժին։ Միայն թե, ասում է՝ հաղթանակը շատ չուշանա, ու խաղաղություն հաստատվի՝ երկարատև։













