Թիկունքը՝ բանակին, բանակը՝ թիկունքին. առաջնագիծն ուժեղ է, երբ ունի ամուր հենարան

ՎՎահե Կոստանդյան

Երկրում վերամշակող ընկերություններն աշխատում են գերլարված ռեժիմով: «Թիկունքը՝ բանակի, բանակը՝ թիկունքի համար» կարգախոսով ակտիվ աշխատում են, որ մթերման սեզոնում գյուղացու բերքը դաշտում չմնա: Մթերող ընկերություններից երկուսը՝ Երևանի կոնյակի ու Իջևանի գինու, կոնյակի գործարանները, արդեն հայտարարել են՝ սահմանամերձ Տավուշում այս տարվա նախատեսածից ավելի շատ խաղող կմթերեն:

Գևորգ Ղազարյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ) - Պայմանավորված է նրանով, որ ընթացիկ տարում բավականին առատ խաղողի բերք ունենք, գործարանները, ըստ մեր նախնական պայմանավորվածությունների, մթերման խնդիր չի առաջանալու, ամբողջ քանակությունը կմթերվի:

Տեղային խնդիրներ, իհարկե, լինում են: Առատ բերքով պայմանավորված՝ մթերման գործընթացի լարվածությունը քիչ էր, հիմա էլ գործարանները հաճախ աշխատուժի խնդիր են ունենում: Աշխատանքը թողած՝ մարդիկ կամավոր են գրվում: Սակայն վերամշակման գործընթացը երբևէ չի տուժել: Նույնիսկ Արցախի թեժ մարտերի պայմաններում Հայաստանի գյուղմթերք արտադրողները հասցնում են ոչ միայն ներքին պահանջարկը բավարարել, այլև արտահանել:

Գևորգ Ղազարյան - Այսօրվա դրությամբ ունենք 105 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղենի արտահանում:

Բնականոն է ընթանում նաև ներմուծման գործընթացը:

Վերամշակող ընկերությունները հումքի պակաս չունեն, դեռ մի բան էլ ավելին է՝ ասում է արդյունաբերության զարգացման պատասխանատուն:

Արմեն Եգանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ) - Ամենօրյա կապի մեջ ենք այդ ընկերությունների հետ, նաև իրենց մոտ մատակարարումների խնդիր չկա:

Առաջնագիծն ուժեղ է, երբ ունի ամուր հենարան, ամուր թիկունք:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում