30 մլն եվրո՝ Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը

ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը Կառավարության այսօրվա նիստին զեկուցեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մանրամասնելով՝ ծրագիրն ուղղված է աջակցելու արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Փոխվարչապետը նշեց, որ համաձայնագիրը 30 մլն եվրո արժողությամբ է, որից 27 մլն եվրոն տրամադրվելու է ուղղակի բյուջետային աջակցության, մնացած 3 միլիոնը՝ տեխնիկական աջակցության տեսքով:

«Ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումից հետո միանվագ մասհանմամբ պետական բյուջե կփոխանցվի 9 մլն եվրո, այնուհետև՝ 9-ական մլն եվրո կտրամադրվի հաջորդող 21 տարիների ընթացքում՝ ծրագրով սահմանված գործողությունների արդյունքում»,- նշեց Գրիգորյանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջին 9 մլն եվրոն նախատեսվում է ստանալ արդեն այս տարվա ընթացքում:

«Երեք կոմպոնենտի համար է տրվում գումարը: Առաջինը՝ դատավորների բարեվարքության ստուգման և գույքային դրության ստուգման համար: Սա բերելու է կոռուպցիայից զերծ դատական համակարգ ունենալու մեր ծրագրի իրականացմանը:

Երկրորդը դատական համակարգում ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է: Այստեղ ներառված է էլեկտրոնային գործիքների ներդրումը, այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների ներդրումն արբիտրաժային դատավարության հետագա զարգացման ճանապարհով: Եվ, օրինակ՝ որպես վերջնարդյունք է նշված, որ 2023-ին վարչական և քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածությունը 40 տոկոսով պետք է նվազի, իսկ դա նշանակում է, որ մոտ 40 տոկոս կրճատվելու է ընդհանուր քննության ժամկետը:

Երրորդը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին է վերաբերում, որ պետք է կոռուպցիայի դեմ պայքարը բարելավելու տեսանկյունից դատախազությունում հակակոռուպցիոն ստորաբաժանում ձևավորվի, ձևավորվեն հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ»,- նշեց Բադասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում