Սահմանապահ գյուղերում ակտիվ շինաշխատանքների ձայնը թույլ չի տալիս` հակառակորդի կրակոցները լսելի լինեն

ՀՀովհաննես Վարդանյան

Կարմիր տանիք ու թարմ բետոնի հոտ: Սահմանապահ Այգեպարում եռուզեռ է: Հուլիսյան մարտերի ժամանակ այստեղ շուրջ 50 առանձնատուն հայտնվել էր հրետանու ուղիղ նշանառության տակ: Երեք երեխաների հայր Անդրանիկի տունը գրեթե պատրաստ է: Կտուրը կարմիր թիթեղով պատել, բետոնե ծածկը լցրել է: Շինարարական աղմուկին զուգահեռ` սահմանից հնչող կրակոցի ձայներն են:

Անդրանիկ Մարգարյան, Այգեպարի բնակիչ - Մի որոշ ժամանակ իրավիճակը հանգիստ է, նորից ակտիվանում է, սովորել ենք, մեր գյուղում մնում ենք, մեր տունը շենացնում ենք: Իրենք քանդել են, այս երկու օրվա մեջ ես նորից սարքել եմ: 

Այգեպարցի փոքրիկները փողոցները վերածել են խաղահրապարակի: Հեծանվային զբոսանք ու կռիվ-կռիվ՝ հաղթական մոտիվներով, ինչպես հայրերը՝ սահմանին: Սա բացառիկ գյուղերից է, որի փողոցների նաև երկրորդական ճանապարհներն են ամբողջությամբ ասֆալտապատ:

Արկադի Յամուկյան, Այգեպարի վարչական ղեկավարի պաշտոնակատար - Բացի երկրորդական ճանապարհներից, ներգրավվել են նաև շենքերի բակերը, սեփական տների անմիջական բակերը, մանկապարտեզ տանող բոլոր ուղղությամբ ճանապարհները:

Տավուշի գյուղերում հուլիսից հետո երկու ամսում տեղադրվել է 10.00 քմ տանիք, 500 քմ դուռ ու պատուհան, 150 գծամետր էլ պարիսպ: Մարզպետ Հայկ Չոբանյանը վստահեցնում է՝ մեկ ամսից Այգեպարը, Չինարին ու Ներքին Կարմիրաղբյուրը կդառնան անճանաչելի, նաև անվտանգ:

Հայկ Չոբանյան, Տավուշի մարզպետ - Պարիսպների շինարարության ժամանակ հաշվի է առնվում ոչ միայն տեղական ոճաբանությունը, այլև անվտանգությունը: Այն հատվածները, որտեղ անվտանգային լուրջ խնդիրներ կան, պարիսպները կառուցվում են մինչև երկու մետր բարձրության, որպեսզի լուծվեն նաև ճանապարհային անվտանգության խնդիրները:

Դիրքում զինվորն է, թիկունքում՝ գյուղացին։ Տավուշցիները հուլիսյան մարտերից հետո ավելի ամուր են կանգնած իրենց հողին: Հակառակորդի հրետանու հարվածներից, ինչպես հայտնի է, վնասվել էին տներ ու ենթակառուցվածքներ։ Չինարիում սա միակ տունն է, որն ամենաշատն էր տուժել: Արշալույս պապը կրակոցի տեղն էլ, կատարվածն էլ դրվագ առ դրվագ հիշում է:

Հարևանի՝ տիկին Լիդիայի տունն էլ առանց լուսամուտների էր մնացել, վնասվել էր նաև տան տեխնիկան: Աղասյաններն ապրում են տասը հոգով: Բազմազավակ ընտանիքին առանձնատուն կառուցելու համար կառավարությունը 64 միլիոն դրամ է տրամադրել:

Լիդիա Չոբանյան, Չինարիի բնակիչ - Ոչ մի բան չէինք ակնկալում: Իրենք նայելով, գնահատելով որոշեցին, որ պետք է անպայման տուն կառուցվի: Մենք նույն ոճով էլ ապրում ենք, նույն ձևով էլ մտածում ենք մեր հողին, մեր ջրին, մեր գործը կատարում ենք, միայն թե խաղաղ լինի:

Չինարիի ապահով տան հիմքերն արդեն դրված են. ավելի քան 208 քառակուսի մետր մակերես, 7 սենյակ, նաև ապաստարան, մինչև տարեվերջ Աղասյանները բնակարանամուտ կտոնեն: Ապահով տուն, այսպես են անվանել տան նոր մոդելը, որը միակը չի լինի:

Ռոբերտ Ղուկասյան, ՀՀ վարչապետի խորհրդական - Երեք գյուղում ենք աշխատում՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի. այսպես, որ զրոյից կառուցվի նման տուն, սա միակն է այս պահի դրությամբ, բայց վստահ եմ, որ շատ շուտով մենք կավելացնենք թիվը: 

Նոր շունչ առնող համայքներում կյանքը շարունակվում է՝ հակառակորդին խաղաղություն պարտադրող ուղերձով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում