Ռայնիսի շենքի 12 ընտանիք առաջիկայում նոր բնակարան կունենա. կառավարության որոշումները

ՄՄայա Խաչատրյան

Պայթյունից տուժած Ռայնիսի շենքի 12 ընտանիք առաջիկայում նոր բնակարան կունենա: Գործադիրն այդ նպատակով պահուստային ֆոնդից հատկացրեց 182 միլիոն դրամ: Բնակարանի գնման վկայագրերը կտրամադրի սոցապնախարարությունը:

Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող) - Հաշվարկային գին է վերցվել 330 հազար դրամը:

Շահառուները կարող են ձեռք բերել աջակցության գումարից ցածր գնով տուն, մնացած գումարն այլ նպատակի օգտագործել, իսկ ավելի թանկ գնելու դեպքում տարբերությունն իրենք կվճարեն: Հնարավոր է նաև հիփոթեք ձևակերպել՝ գումարն օգտագործել՝ որպես կանխավճար: Քննությունը դեռ կպարզի՝ ո՞րն էր շենքի փլուզման պատճառը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Անկախ քննությունից, մենք արագ արձագանքում ենք և լուծում տալիս:

Մինչև նոր հասցե կտեղափոխվեն, ընտանիքները կմնան վարձով բնակարանում, որի ծախսն իր վրա է վերցրել պետությունը:
Փորձագիտական կենտրոնի եզրակացությամբ՝ շենքի մյուս հատվածը հուսալի վիճակում է:

Արմեն Ղուլարյան  - Պատրաստ է արդեն 5-րդ մուտքի ապամոնտաժման նախագիծը, այն ներկայացված է փորձաքննության, ավարտից հետո կլինի մրցույթ, շինկազմը պետք է ապամոնտաժի, նորից պետք է իրականացնենք մոնիթորինգ, հետազննության, կզեկուցենք՝ կորոշվի՝ ինչ ենք անելու:

Վարչապետը հորդորեց հոգ տանել, որ ապամոնտաժումից հետո տարածքը վերադարձվի համայնքին և ապօրինի կառույցներ չհայտնվեն: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Կոտայքի մի քանի համայնքում ոռոգման մեխանիկական համակարգը կփոխարինվի ինքնահոսով:

Սուրեն Պապիկյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Նախատեսվում է 152 միլիոն դրամ:

Երևանում կկառուցվի ինժեներական և կիրառական գիտությունների համալիր: Նախարարը հիշեցրեց՝ 2018-ին Եվրամիությունն ու Հայաստանը ստորագրել են պայմանագիր՝ իրականացնելու կրթության որակի բարելավման նախաձեռնություն:

Արայիկ Հարությունյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Այդ նպատակով տվյալ տարածքում ՍՊԸ-ին 15 հազար քառակուսի տարածքը տրամադրվում է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ Թումոյի կողմից համալիր կառուցելու համար:

Կրթագիտական կենտրոնն իր մեջ կներառի չորս բաղադրիչ: Ընդհանուր լաբորատորիաներում նախատեսվում է որոշել Հայաստանի համար կարևոր ուղղություններով իրականացվող գիտական հետազոտությունների թեմաները:

Արայիկ Հարությունյան - Թումոյի մեթոդաբանությամբ՝ մեծահասակներին է կրթություն տրվելու, կոչվի «Թումո լաբս»:

Կենտրոնը կաշխատի 2023-ից, կդառնա ինքնաֆինանսավորվող: Գործադիրն ընդունեց նաև բուքմեյքերական գրասենյակների սահմանափակումների նախագիծը: Դրանք կգործեն կրթական, պատմամշակութային կենտրոններից հեռու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում