Տարրական դպրոցներում սեռական դաստիարակության հետ կապված որևէ առարկա նախատեսված չէ. Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբերին այլ դասագրքերի հետ դպրոցներում նաև սեռական դաստիարակության դասագրքեր էին բաժանվելու, պնդում են
տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, որոնք Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում: Արդեն մի քանի օր է՝ բազմաթիվ ծնողների հանգիստ չեն տալիս օգտատեր Աննա Պետրոսյանի գրառումն ու լուսանկարները, որոնք հակասում են էթիկայի կանոններին, հրապարակման ենթակա չեն: Օգտատիրոջ պնդմամբ, այդ դասագիրքը նախատեսված է ցածր դասարանների համար: Գրառման տակ ժամ առ ժամ քննարկումներն ավելի են թեժանում, անհանգստություններն՝ ավելանում:

Սուրեն Օքմինյան, «Հայ նախաձեռնող» ՀԿ հիմնադիր - Մեր ցանկությունը հետևյալն է, որպեսզի չփորձեն մեր երեխաների մեջ այլասերում մտցնել, մենք դա թույլ չենք տալու:

«Մեր երեխաների սեռական դաստիարակությամբ ինքներս կզբաղվենք, իրենք թող գրականություն ու պատմություն սովորեցնեն»,- ասում են հիմնադիրները: «Հայ նախաձեռնող» ՀԿ հիմնադիրը վստահեցնում է, որ ըստ օդում կախված լուրերի՝ տվյալ դասագրքի որոշ խմբաքանակ արդեն բաշխված է եղել դպրոցներին:

Սուրեն Օքմինյան, «Հայ նախաձեռնող» ՀԿ հիմնադիր - Եթե մենք բողոքի ալիք չբարձրացնեինք, բնականաբար, դա լինելու էր դպրոցներում:

Իսկ այդ օդից կախված լուրերը որքանո՞վ են հավաստի հարցին Օքմինյանի պատասխանն է. «Ուսուցիչներն են ասել»: Նաև պատմել են, որ բողոքների ֆոնին նախարարությունը գրքերը դպրոցներից հետ է հավաքել:

Սուրեն Օքմինյան, «Հայ նախաձեռնող» ՀԿ հիմնադիր - Հիմա պարզ պատճառներով ես չեմ կարող այդ ուսուցիչների անունները հրապարակել:

Ինչպե՞ս կարող էր դեռևս նախագիծ հանդիսացող չափորոշիչը դասագրքի տեսքով դպրոց մտնել հարցին հարցով է պատասխանում փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Չափորոշիչները ներդրվելու են 2022-23 ուսումնական տարուց: Եվ սեռական դաստիարակությունը, որպես առանձին առարկա, նախատեսված էլ չէ:

Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Ես շատ կուզեի գտնել այդ ուսուցիչներին և դատի տալ զրպարտության և ապատեղեկատվության համար, որովհետև որևէ նման գործընթաց չկա, մի քանի անգամ ասել ենք` չափորոշիչների փոփոխությունը չի ներառում իր մեջ սեռական դաստիարակության հետ կապված որևէ դրույթ,նախատեսված չ` առանձին առարկա, հետևաբար, ինչ-որ գրքի առկայության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է:

Բողոքող կողմը հորդորում է իրենց բողոքի գործընթացը չկապել տարբեր ուժերի հետ, փոխնախարարն էլ այստեղ կոնկրետ քաղաքական մոտիվներ է տեսնում: Աղմուկ է բարձրացել մի գրքի շուրջ, որը լույս է տեսել 90-ականներին, նախատեսված է եղել մասնագիտական ուսուցման համար:

Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Շատ կասկածելի գրքույկ է, որը կարծես թե ոչնչացվել է հենց 90-ականներին՝ հրապարակվելուց հետո: Ակնհայտ է, թե ինչ քաղաքական կեղտոտ նպատակներ է հետապնդում ավելի քան 20 տարվա վաղեմության կասկածելի որակի ու բովանդակության գրքույկներ մեջբերելը և դա հրամցնելը իբրև ներկա կրթական փոփոխությունների մաս:

Սեռական դաստիարակություն Հայաստանի դպրոցներում աշակերտներն ստանում են 2008 թվականից՝ առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակում, որն ուսուցանվում է 8-րդ դասարանից: Կապելով նոր չափորոշիչների հետ, գործընթացը շարունակվելու է. որոշ թեմաներ կենսաբանության ժամին կուսուցանվեն, մյուսները, օրինակ, ընտանեկան կյանքի հետ կապված՝ հասարակագիտության:

Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Բայց ինչ վերաբերում է տարրական դպրոցին, չենք նախատեսում, որ տարրական դպրոցում պետք է լինի սեռական դաստիարակության հետ կապված որևէ առարկա կամ արևէ առարկայում դրույթներ:

Ժաննա Անդրեասյանն առաջարկում է նման գործընթացների նկատմամբ ապահովել իրավական միջոցներ և սահմանափակել ապատեղեկատվության տարածումն ու զրպարտությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում