Դիլիջանի կոմպոզիտորների տանը հավերժացրել են «Երևան, իմ բարի քաղաք» երգի հեղինակի հիշատակը

ԳԳայանե Թամամյան

Մի քանի սերնդի ուղեկցած այս երգի հեղինակն այսօր կդառնար 94 տարեկան: Կոմպոզիտորների դիլիջանյան ստեղծագործական տան համար 16 քոթեջի անդորրը խախտել էին երաժշտությունը, հուշերը, վերարժևորման ու գնահատանքի խոսքերը: Այստեղ՝ այս դաշնամուրի մոտ է ծնվել 20-րդ դարի հայ դասական երաժշտության հետխաչատրյանական շրջանի մեծանուն կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունների զգալի մասը: Այս մասին արդեն կիմանան շատերը: Քոթեջի պատին տեղադրվել է հուշատախտակ նրա զավակների աջակցությամբ: «Սա հորս 2-րդ տունն էր»,- հիշում է կոմպոզիտորի դուստրը:

Նունե Տեր-Թադևոսյան (երաժիշտ) - Շատ ուրախ եմ, որ վերջապես տեղադրվեց, և այստեղ հանգստացողները կկարդան ու կիմանան` ով է ապրել և ստեղծագործել այս քոթեջում:

Կոմպոզիտորի մահից 32 տարի անց խախտվել է նաև 70-ական թվականներից նրա շուրջը տիրող լռությունը՝ ասում է Ջոն Տեր-Թադևոսյանի մասին շուտով լույս տեսնելիք գրքի համահեղինակ Միխայիլ Կոգժաևը: Նրա խոսքով՝ խոր դրամատիզմով նրա սիմֆոնիաները, երաժշտական տարբեր գործիքների համար գրված գործերը, նաև երգերը ճեղքում են հանիրավի մոռացումը: «Ծնվել է նոր հանճար»,- ժամանակին այսպես է նրան գնահատել Դմիտրի Շոստակովիչը:

Միխայիլ Կոգժաև (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ) - Նա իսկապես հանճար էր: Պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նախորդ տարի Մոսկվայից՝ ամբողջ Եվրոպայով մինչև Լոնդոն, ներակայացրեց նրա սիմֆոնիաները, որոնք ցնցել էին նրբաճաշակ եվրոպացի հանդիսատեսին: Սա վերածննդի նշան է:

Այսօր թերևս քչերը գիտեն, որ նա 100-ից ավելի կինոերաժշտության հեղինակ է:

Մարտին Վարդազարյան (ՀՀ ժողովրդական արտիստ) - Գոյություն ունի կինոյի համար միայն ճիշտ երաժշտություն, Ջոն Տեր-Թադևոսյանը դրամատուրգիայի զգացողությամբ և երանգներով լրացել է կադրը, իսկ նրա սիմֆոնիկ մտածելակերպն առանձնակի է:

Արա Խզմալյանի բնորոշմամբ` սա խորհրդանշական վերադարձ է:

Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այս արարողությամբ մեկնարկում է Ջոն Տեր-Թադևոսյանի ժառանգության վերաիմաստավորումը, նրա ստեղծագործությունների նորանոր կատարումներ կհաջորդեն, և կլինի նրա վերադարձը իր իսկ արվեստի միջոցով:

Ժամանակի մեծ կոմպոզիտորների նշանավոր շատ գործեր առաջինն այստեղ են հնչել, մշակութային այս օջախը ևս վերաիմաստավորման կարիք ունի:

Հայկ Չոբանյան (Տավուշի մարզպետ) - Կոմպոզիտորների ստեղծագործական տունը նախ մշակութային, կրթական հաստատություն պետք է լինի, նոր` զբոսաշրջային, որովհետև ամենամեծ արժեքը հենց այն մարդիկ են, որոնք անցել են այստեղով, այն գործերն են, որոնք ստեղծվել են այստեղ:

Նման առիթները նաև օգնում են, որ չխզվի սերունդների կապը:

Արամ Սաթյան (Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ) - Մենք միշտ գտնվում ենք մեր երաժշտարվեստի ակունքում, հիշում, պահպանում ենք և փորձում ենք կապել նոր, երիտասարդ ստեղծագործողների հետ:

Ստեղծագործական տան հնչեղ անուններով նշանավորված քոթեջներին ավելացավ ևս մկը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում