Երկուստեք կարևորվել են կադրերի վերապատրաստման, նոր կադրերի պատրաստման, նոր ցուցադրությունների, տեղական կամ միջազգային նոր գիտաժողովների կազմակերպման հարցերը, ընդհանրապես հեռանկարային այնպիսի պլաններ, որոնք շատ-շատ են:
Վահան Տեր-Ղևոնդյանն ասել է, որ նախարար նշանակվելուց հետո սա Լ. Ղարախանյանի հետ իր առաջին հանդիպումն է, որը կարևոր է նաև համավարակի անցած ամիսների հարկադիր մեկուսացումից հետո: Նա համոզմունք է հայտնել, որ Արցախի համալսարանների, տեղի գիտակրթական կենտրոնների հետ համագործակցությունն անպայման սպասված արդյունքները կտա:
Նախարարն ընդգծել է, որ Մատենադարանի արցախյան մասնաճյուղի գործունեությունն ակտուալացնելը մնում է օրակարգում:
«Մատենադարանը կշարունակի թանգարանային գործառույթը՝ այն դարձնելով գիտահետազոտական, գիտակրթական կենտրոն, որտեղ կյանքի են կոչվելու գիտական աշխատությունների ու գրքերի շնորհանդեսներ, և Գանձասարի մասնաճյուղը դառնալու է հոգևոր, մտավոր, գիտական հզոր առաջնորդարան»,- հավաստել է նախարարը:
Լ. Ղարախանյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ավելի մանրամասն են քննարկելու ծրագրերը և աշխատանքներ են տանելու կադրերի պատրաստման ուղղությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի միջազգային կապերի բաժնի վարիչ, «Մաշտոց» հիմնադրամի տնօրեն Վարդի Քեշիշյանը, Գանձասար մասնաճյուղի տնօրեն Արամ Թորոսյանը և ԱՀ ԿԳՄ նախարարի տեղակալ Դիմա Առստամյանը: Պատվիրակությանն ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:










