Սահմանամերձ Բարեկամավանն այս տարի 1-ին դասարանցիներ կունենա

ԳԳայանե Թամամյան

Սեպտեմբերի 1-ը թե 15-ը՝ փոքրիկ Սպարտակի համար միևնույն է, սա նրա առաջին սեպտեմբերն է, առաջին դասագրքերը, բոլորն էլ հավանում է: Անհամբեր սպասում է դպրոցի օրվան: Միայն սահուն հաշվում է մինչև քսանը, նաև հաստատ գիտի, թե ինչու պիտի դպրոց գնա:

(Սպարտակ Ղարաքեշիշյան, 5 տարեկան) - Գնում եմ դպրոց, որ տառերը սովորեմ:

Սպարտակը ևս 2 դասընկեր կունենա: Սահմանային Բարեկամավան գյուղի 3 առաջին դասարանցի լինելը այս ուստարվա լավ նորությունն է:

Աստղիկ Ազատյան (Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Վերջին տարիներին կամ առաջին դասարան ընդհանրապես չենք ունեցել, կամ մեկ կամ 2 աշակերտ է եղել, իսկ այս տարի մեզ համար մեծ ուրախություն է 3 առաջին դասարանցին:

Աշակերտների ընդհանուր թիվը 17 է՝ մեկով ավելի նախորդ տարվանից: Կունենան կոպլեկտավորված 5 դասարան: Ուսումնականին զուգահեռ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման խնդիրներով են զբաղված:

Տնօրենի խոսքով՝ հեռավար դասերից հետո կենդանի շփումը կենսական պահանջ է, քանի որ այդ առումով էլ դպրոցը միակ վայրն է՝ գյուղը չունի ո՛չ մանկապարտեզ, ո՛չ մշակույթի տուն:

Հուսով են, որ սահմանամերձ գյուղերի համար նախատեսված նոր արտոնյալ պայմանները պահանջված մասնագետներ կբերեն նաև Բարեկամավանի հասցեով: 

Այս օրերին նորոգվում է մարզի ևս 10 դպրոց:

Հայկ Չոբանյան (Տավուշի մարզպետ) - Չինարի, Ն. Կարմիրաղբյուր, Մովսես, Այգեպար գյուղերում զբաղված ենք ոչ միայն դպրոցի ներքին հարդարման աշխատանքներով, այլև սանհանգույցները և ջեռուցման համակարգերն են նորոգվում, ինչպես նաև կարգաբերվում են ապաստարանային հնարավորությունները:

Այդ աշխատանքներն իրականացնում ենք ոչ միայն պետբյուջեի միջոցներով, այլև տարբեր բարեգործական, մասնավոր ներդրումների շնորհիվ:

Պետբյուջեի միջոցներով սահմանամերձ Կիրանց և Դովեղ գյուղերում էլ կմեկնարկի նոր դպրոցի շինարարությունը:

Հայկ Չոբանյան - Շատ կարևոր է, որ, իսկապես, մեր դպրոցները ոչ թե ուղղակի լինեն բարետես և վերանորոգված, այլև համապատասխանեն կրթության չափորոշիչներին՝ և՛ ներսը, և՛ դուրսը, և՛ միջավայրը:

Մարզպետն ուղիղ կապ է տեսնում այսպիսի դպրոցների և աշակերտների թվի աճի ու ժողովրդագրական վիճակի բարելավման միջև:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում