Արցախյան ալպիական մեղրը արտահանվում է

ՆՆարեկ Սահակյան

Ալպիական մեղր ստանալու համար Արցախի լեռներն իդեալական են: Այստեղ անգամ եղնիկներ են վազվզում: Այդ պատճառով Սուրեն Գրիգորյանը նախընտրում է ծովի մակարդակից առնվազն 1100 մետր բարձրությունը: Բազմափորձ մեղվաբույծը գիտի՝ որ եղանակին ուր տանել փեթակները:

Սուրեն Գրիգորյան (Արցախի մեղվաբույծների ասոցիացիայի նախագահ) - Այս կետում մենք բավականին գոհ ենք արդյունքներից, իհարկե մշտապես ավելի լուրջ արդյունք ենք ակնկալում: Բայց այս պահին, ինչ հիմա մենք տեսնում ենք, անկասկած լավ արդյունք է:

Ոչ թե ավանդական, այլ թեթև ու ցրտադիմացկուն փեթակներում են մեղվաընտանիքները՝ առայժմ 700 հատ: Խնամում են պահեստազորի սպաներն ու գյուղաբնակ երիտասարդները: Բոլոր ծախսերը հոգում է ընկերությունը, երաշխավորված գնով ընդունում մեղրը:

Նելսոն Սարգսյան (ծրագրի մասնակից) - Այս նոր տեխնոլոգիայով այս մեղվաընտանիքներում տարբերությունը շատ մեծ է, ահռելի: Օրինակ՝ ես 20-25 տարի զբաղվում եմ մեղվաբուծությամբ, եթե օրական 10-15 փեթակ եմ կարողանում նայել, ապա սրանից մեկ ժամվա ընթացքում 50-60 փեթակ եմ նայում:

Ալպիական մեղրը սարերից բերել են գործարան: Լեհական սարքավորումներով շրջանակները մաքրում և քամում են մեղրը: Արցախյան արտադրանքը հասնում է ռուսական ու եվրոպական շուկա:

Էրիկ Մկրտումյան (ընկերության տնօրեն) - Շուկայում կա տարբեր տեսակի մեղր: Բայց քանի որ մերը սարի մեղր է, ավելի է գնահատվում ու ավելի բարձր արժեք ունի: Մրցունակ է:
Ընկերությունն առայժմ 25 գործընկեր մեղվապահ ունի: Նախատեսում են փեթակների թիվը հասցնել 3 հազարի՝ աշխատատեղ ապահովելով պատերազմի մասնակիցների և գյուղաբնակ երիտասարդների համար:

Սուրեն Գրիգորյան - Մեր հիմնական նպատակներից մեկը սոցիալական ուղղվածության է: Մենք, փաստորեն, տալիս ենք հավելյալ աշխատանք այն տղաներին, ովքեր ապրում են գյուղում:

Ալպիական մեղրի ծավալներն ընկերությունն ուզում է հասցնել արդյունաբերական ծավալների: Ճյուղի զարգացման գործում Արցախի կառավարությունը ևս ներդրում կունենա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում