Երևանում հայտնաբերվել են մոտ մեկ տասնյակ գերբեռնված տրանսպորտային միջոցներ. տեսչական մարմինների ստուգայցերը

Սեպտեմբերի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի և Շիրակի մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մայրաքաղաքի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում և Շիրակի մարզի տարբեր համայնքներում։
Մայրաքաղաքում շարունակվում է արձանագրվել հատկապես վերջին մի քանի շաբաթների պատկերը։ Խնդիրը հիմնականում ներքաղաքային և միջքաղաքային ավտոբուսներում և միկրոավտոբուսներում գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու դեպքերն են։ Այսօր հայտնաբերվել են մեկ տասնյակի հասնող գերբեռնված տրանսպորտային միջոցներ, որի հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Գյումրի քաղաքում ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլներում, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Զուգահեռ ստուգայցեր են իրականացվել նաև մայրաքաղաքում: Նախօրեին խախտում արձանագրվել է միայն մեկ հանրային սննդի կետում, իսկ այսօր իրացման ցանցի կազմակերպություններում ու սննդի արտադրություններում ստուգայցերը արձանագրել են դրական պատկեր:
Սեպտեմբերի 4-ին Գյումրի քաղաքի պատմամշակութային օջախներով հարուստ ճեմուղիների, հրապարակների, եկեղեցիների հարակից տարածքների դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել։ Այնուհանդերձ, արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները դիմակ չեն կրել. ոստիկանության կողմից կազմվել է դիմակ չկրելու վերաբերյալ արձանագրություն։
Դիտարկվում են հյուրանոցները, թանգարանները, բանկերի մասնաճյուղերը, դեղատները, գեղեցկության սրահներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Բարվոք պատկեր է արձանագրվել քաղաքի թանգարաններում, մասնավորապես՝ Հովհաննես Շիրազի հյուրատուն-թանգարանում և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։
Մի շարք խախտումներ են արձանագրվել «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցում և մանրամեծաախ առևտրի մի շարք կետերում, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ՝ պարետատուն ներկայացնելու համար։









