ԱԱրման Գալոյան

Հայաստանի բուհերում սովորող Վրաստանի 592 քաղաքացու հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ

Հայաստանի բուհերում սովորող Վրաստանի 592 քաղաքացու հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14, ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել ՀՀ տարածք՝ հուլիսի 1-ին տասնօրյակում ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով: Արդյունքում՝ միասնական քննություններին մասնակցած Վրաստանի 17 քաղաքացի (ազգությամբ հայ) ընդունվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ և, համաձայն Պարետի թույլտվության, ապահովվել է նրանց մուտքը ՀՀ տարածք՝ 2020 թ. սեպտեմբերի 1-ից մեկնարկած ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, ինչպես նաև ՀՀ նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամանակացույցը՝ ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով այս պահի դրությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են դիմել օտարերկրյա պետություններում գտնվող ավելի քան 300 սփյուռքահայեր, որոնցից շուրջ 250-ը՝ Վրաստանի քաղաքացիներ: Դիմորդների մի մասը մասնակցում է նաև սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրիատի՝ սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններով, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության մրցույթներին: Այս պահի դրությամբ ընդունելության գործընթացը շարունակվում է:

Օգոստոսի 10-ից ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է համապատասխան աշխատանքներ՝ ապահովելու վերոնշյալ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք: Համաձայն Պարետի թույլտվության՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության միջնորդությամբ վերոնշյալ դիմորդներին (Վրաստանի քաղաքացիներին) թույլատրվել է մուտք գործել ՀՀ տարածք:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՀՀ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ տրամադրելու իրենց հաստատություններում սովորող և ՀՀ տարածք մուտք գործելու խնդիր ունեցող Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկատվություն՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակային իրավիճակով: Համաձայն Պարետի թույլտվության՝ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Վրաստանի 592 քաղաքացու հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ տարածք՝ սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով:
Պարետի թույլտվությամբ ապահովվել է նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող Վրաստանի 5 քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով ՀՀ ԱԳ նախարարության հետ և համաձայն Պարետի թույլտվության, շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ ապահովելու ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող կամ դիմորդ հանդիսացող Վրաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում