Հանրայինի նոր եթերաշրջանը. հայրենասիրական, ճանաչողական հաղորդաշարեր
«Իմ տունը սահմանն է, և վերջ». սահմանամերձ համայնքներում ապրող ու արարողների մասին Հանրայինի նոր՝ «Սահմանապահ գյուղեր» հաղորդաշարի կարգախոսն է: Սեպտեմբերի 7-ից ամեն շաբաթ Առաջինի եթերում կբացահայտենք նոր համայնքներ ու հերոսներ:
«Արցախ» վավերագրական հաղորդաշարն էլ կպատմի Արցախի մասին: Հաղորդաշարը կանդրադառնա երկրի կյանքի ամենատարբեր բաղադրիչներին՝ քաղաքաշինությունից մինչև արդյունաբերություն, ընտանիքից՝ բանակ ու այլ ոլորտներ:
Հայաստանում բիզնես սկսելու և հաջողության հասնելու սեփական բանաձևերն են ներկայացնելու «Իմ գործը» ֆիլմաշարի հերոսները: Հաղորդումը ներկայացնում է սիրելի գործով զբաղվող մարդկանց, նրանց հաջողություններն ու նոր նախաձեռնությունները:
Ժամանակի ամենահետաքրքիր դեպքերն ու դեմքերին փաստագրելուց հետո Հանրայինի թվայնացված, երկրորդ շունչ ստացած բացառիկ կադրերը, պատմություններն ու հարցազրույցները մեր արխիվից հանձնվելու են ձեր ուշադրությանը: Նոր եթերաշրջանում նոր ձևաչափով Մարատ Օրդյանը կշարունակի հանրայնացնել մեր արխիվը:
Մարատ Օրդյան («Մեր արխիվը» հաղորդաշարի վարող) - Ուզում ենք այս եթերաշրջանում մեր սովետական կյանքի 70-80-ականների կյանքը, կենցաղն ու բարքերը ցույց տալ: Ինչպես էինք հարևանություն անում, կաշառք տալիս, սուտ խոսում, վրաններում հարսանիք անում...
Հաղորդման ստեղծագործական թիմը հեռուստադիտողի ու հարուստ արխիվի հանդիպումները կազմակերպելուց բացի նրանց նաև հյուրերի օգնությամբ դեպի անցյալ կտանի:
Մարատ Օրդյան - Մի նորություն ունենք. տաղավար ենք ստեղծել, որը դասական, սովետական բնակարան է կորոնավիրուսի պատճառով: 6-7 հոգով այլևս չենք կարող ներխուժել մարդկանց բնակարանները:
Հանրայինի յուրատեսակ հեռուստատեսային զբոսավարը՝ «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարը, կշարունակի հեռուստադիտողի «ձեռքից բռնած» ուղեկցել աշխարհի զանազան երկրներով:
Հայաստանի ճամփեքով էլ կշարունակենք քայլել «Հայաստանի ճամփեքով» հաղորդաշարի օգնությամբ: Հայրենաճանաչությունը կշարունակի, ու բոլոր անկյունները կբացահայտի «Բացահայտիր Հայաստանը» հաղորդաշարը: Հայաստանի իրենց կտորը աշխարհի ցանկացած անկյունում ստեղծած, պահպանած ու փայփայած մարդկանց մասին էլ կպատմի «Կտոր մը Հայաստանը»։
Որպես հայրենադարձության օրինակ՝ «Վերադարձ դեպի ապագա» հաղորդաշարը կպատմի աշխարհի տարբեր երկրներից հայրենադարձածների պատմությունը:
Յուրաքանչյուր շաբաթ Ցվետանա Պասկալևան կշարունակի պատմել Արցախյան գոյամարտի և նրա հերոսների մասին:
Մեկ այլ ոլորտի հերոսների՝ ուսուցիչների մասին էլ պատմելու է «Ուսուցիչը» նախագիծը:
Ինչո՞վ ենք տարբեր։ Ի՞նչն է դարձնում հային, Հայաստանն ու հայկականը եզակի՝ կշարունակի պատմել «Հայրենեանը»: Հետաքրքիր բացահայտումներ, յուրահատուկ նկարահանումներ և նոր մոտեցում ազգայինը ներկայացնելու հարցում:
5 րոպեով հեռուստադիտողին կտրելով կենցաղից ու առօրյա հոգսերից՝ դեպի արվեստ կտանի Առաջինի նոր շարքը:
Հավատարիմ որդեգրած մոտեցումներին ու արժեքներին՝ նոր եթերաշրջանում Հանրայինի ճանաչողական, հայագիտական բազմաթիվ ու բազմաժանր հաղորդումները հեռուստադիտողին կօգնեն ոչ միայն ճանաչել ու սիրել հայրենիքը, այլև ոգևորել ու սեփական նպատակներն իրականություն դարձնել:










