ՌՌոզա Խաչատրյան

Մինչև նախագիծը բոլոր մարմինների հետ չքննարկվի, ստորագրման չբերեք. վարչապետ

Մինչև նախագիծը բոլոր մարմինների հետ չքննարկվի, ստորագրման չբերեք. վարչապետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կառավարության նիստին արձագանքեց  քննարկվող «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթին:

Թաթոյանն ասաց, որ նախագծերը կարևոր են և սպասված, դրանք վերաբերում են մարդու իրավուքներին, սակայն այն շրջանառվել է հունիսին որոշ գերատեսչություններում, բայց ՄԻՊ-ին կարծիք ստանալու համար ուղարկվել է օգոստոսի 25-ին միայն:

«Երբ ուսումնասիրում ենք այն սահմանափակումները, որոնք նախատեսվում են, պետական մարմինների լիազորություններն ու հնարավորությունները, այստեղ կան որոշակի մտահոգություններ, որոնք վերաբերում են դրանց պրակտիկ կիրառելիությանն ու համաչափությանը: Մենք ունենք նկատառումներ, որոնք վերաբերում են մեկուսացման, ինքնամեկուսացման խնդրին, վերաբերում են վիճարկման դիմումները քննարկելուն, որին, կարծում եմ՝ բավական շատ ժամկետ է տրված: Նաև սկզբունքային հարց է, որ այդպես էլ հստակ չի երևում կարանտին և արտակարգ իրավիճակ ռեժիմների հարաբերակցությունը»,- նշեց Թաթոյանը:

Վարչապետն արձագանքեց. «Ուզում եմ հասկանալ՝ էս գործիքակազմին ե՞րբ է վերջ տրվելու, երբ որ Կառավարության նիստում հնչում է, որ երեկ չի ուղարկվել կարծիքի, երեկ իրիկունն է ուղարկվել: Սա ինչքա՞ն է շարունակվելու»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պարզաբանեց, որ  իրենք չունեն նախագիծը կարծիքի ուղարկելու և շրջանառելու գործառույթ: Ըստ Աղաջանյանի՝ նախարարությունը, որ նախատեսում է նախագիծը, պարտավոր է ինքը շրջանառել այն:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, թե իրենք չեն ուղարկել նախագիծը, քանի որ մինչև վերջին պահը պարզ չի եղել, թե ո՛ր նախարարությունն է զեկուցելու Կառավարության նիստին:

«Դա ի՞նչ կապ ունի՝ նախագիծը որտե՞ղ է գրվել»,- ճշտեց վարչապետը:

«Մենք ուղարկել ենք վարչապետի աշխատակազմ, ներկայացրել ենք մեր դիտարկումները, մեր կարծիքն ենք արտահայտել, որ սա առողջապահական բնագավառի նախագիծ է, և խնդրել ենք մեզ տեղյակ պահել ընթացքի մասին: Դրանից հետո բազմաթիվ քննարկումներ են եղել, և մենք վերջում իմացել ենք, որ հարցով զեկուցող ենք լինելու»,- նշեց Բադասյանը:

«Կաֆկայի «Դղյակը» պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված,- հակադարձեց վարչապետը՝ հավելելով,- եկեք դադարեցնենք. կգնաք, կքննարկեք՝ մինչև ստորագրման բերելը: Մինչև բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի և ինձ գրավոր չծանուցվի, որ բոլորի հետ քննարկվել են բոլոր առաջարկները, ստորագրման չբերեք: Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ առաջարկում եմ քվեարկությամբ ընդունենք, բայց մինչև ստորագրումը պետք է բոլոր անհրաժեշտ տեղերում քննարկվի»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում