Փոխվարչապետը ներկայացրեց, թե որ ոլորտներն են ազատվում սահմանափակումներից

ՌՌոզա Խաչատրյան

Ազգային ժողովում գամարված հատուկ նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրության երկարաձգման նախագիծը, որով մի շարք սահմանափակումներ են հանվում:

«Այս փուլում մեր մարտավարությունը խարսխվում է երկու առանցքային սկզբունքի վրա. առաջինը՝ սովորել ապրել նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում և հնարավորինս վերադառնալ բնականոն կենսագործունեությանը, և երկրորդ՝ նոր իրականության բերումով սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը դարձնել վարքագծային կանոններ»,- նշեց արտակարգ դրության պարետը:

Ավինյանը նշեց, որ վերանայվել է նաև թեստավորման մարտավարությունը: Եթե նախկինում այն իրականցվում էր բարձր ռիսկի գոտում գտնվող անձանց խմբերում կամ առավելապես պահանջարկի հիման վրա, այժմ ընդլայնվել են ռիսկային խմբերը և Առողջապահության նախարարությունը սելեկտիվ թեստավորում է իրականացնում այդ խմբերում: Փոխվարչապետը հայտնեց նաև, որ պարետատունը մշակել է համավարակի հաղթահարման պլան, որն ուղենշային և խորհրդատվական դեր ունի կառավարման հետագա գործողությունների համար: Նաև առանձին ոլորտային պլաններ են մշակվել:

Փոխվարչապետը նշեց, որ մի շարք փոփոխություններ են արվել արտակարգ դրության որոշման մեջ.

«Այսուհետ թույլատրվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։ Որևէ քանակային կամ ժամային այլ սահմանափակումներ այս առումով նախատեսված չեն:

Երկրորդ՝ հստակեցումներ են արվել ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումների հետ կապված: Թույլատրվում է դրանց կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում՝ պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները: Մասնակցության սահմանափակում է կիրառվել ոչ ավելի, քան 40 հոգու, նախկին հինգ հոգու փոխարեն։ Ընտանեկան արարողություններ են համարվում տոնական և հիշատակի արարողությունները՝ ներառյալ տարեդարձի, հարսանյաց, նշանադրության, հոգեհանգստի, հուղարկավորության արարողությունները: Ժամանցային բնույթի միջոցառումների մասով  հստակեցում է մտցվել և այս դրույթի կարգավորման ՛շրջանակից դուրս են բերվել տնտեսական գործունեություն համարվող թատերահամերգային և այլ նշանակություն ունեցող միջոցառումները, որոնց մասով կարգավորումներն ու կանոնները սահմանվելու են պարետի որոշումով:

Հանվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը, բայց ցամաքային ճանապարհով այն շարունակում է գործել: Միաժամանակ օտարերկրացիների համար ժամանակավորապես հանվել է սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը և կարող են ժամանել արտերկրի մեր դիվանագիտական ներկայացուցչություններում տրված վիզայի հիման վրա:

ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի իրականացվում հոսպիտալացում, ապա անձը 14 օր ինքնամեկուսանում է, սակայն նորամուծություն կա, 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստ, և բացասական արդյունքի դեպքում կարող է դուրս գալ ինքնամեկուսացումից»,- նշեց Ավինյանը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 15-ից դպրոցները կվերսկսեն ուսուցումը՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, իսկ բուհերի մասով որոշումը կկայացվի շուտով:

Գրադարաններն ու թանգարանները առաջիկայում կվերաբացվեն՝ կրկին հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որի մասին ուղեցույցը կհրապարակվի շուտով:

«Ինչ վերաբերում է թատերահամերգային և մշակութային միջոցառումներին, ապա այս փուլում նախատեսվում է դրանց միայն բացօթյա գործունեությունը: Այս փոփոխությունները կարող են ընդգրկել նաև անհատ կատարողներին: Խոսքս ռեստորանային և միջոցառումային ասպարեզում երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին և այլ գործիչներին է վերաբերում, որոնք հնարավորություն կստանան բացառապես բացօթյա հատվածներում և սահմանված կանոնների պահպանմամբ իրականացնել իրենց գործունեությունը»,- նշեց Ավինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում