ՎՎահե Դավթյան

Պատասխանատվություն եմ վերցնում բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լևոնին. Արոնյանի ընկերուհու բաց նամակը

Պատասխանատվություն եմ վերցնում բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լևոնին. Արոնյանի ընկերուհու բաց նամակը

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում անդրադարձել է իր և սիրելիի հարաբերություններին: 

«Բաց նամակ ընկերներիս.

Հիշում եմ, երբ ես և Լևոնը նոր ընկերացանք, Լևոնը անտանելի սթրեսային վիճակում էր: Կյանքը Լևոնի առջև դրել էր առաջին անգամ խնդիր, որին, ցավոք սրտի, չկար լուծում: Լևոնը, որ իր կյանքում լուծել է տասնյակ հազարավոր մտքի խնդիրներ, այժմ մոլորված էր ու չուներ ոչ մի քայլ: Լևոնի ընկերները հաճախ ինձ պատմում են, որ Արիի հիվանդանոցում գտնվելու ընթացքում Լևոնը, կարանտինի սահմանափակ պայմաններում, մի քանի ժամում արտերկրից դեղեր է գտել ու հասցնել տվել Հայաստան՝ կնոջը փրկելու հույսով: Ինչո՞ւ. որովհետև դա Լևոնն է, որը պայքարում է մինչև վերջ այն ամենի համար, ինչ սիրում է:

Ես ամբողջ կյանքում ատել եմ անարդարությունը ու կռիվ եմ տվել անարդարության դեմ: Դպրոցում, երբ մեր դասարանում սովորող մի աղջկա բոլորը ծաղրում էին ու նեղացնում, ես նրա կողմն էի անցնում ու դառնում մեծամասնության աչքի փուշը: Այժմ նույնպես չեմ վախենում փուշ լինել այն մարդկանց աչքերում, ովքեր անարդար են վերաբերվում Լևոնին:

Ես իմ կյանքում չեմ հանդիպել Լևոնի նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու, որովհետև իր նմաններն աշխարհում շատ քիչ են: Ես ու Լևոնը սկզբնական շրջանում լավագույն ընկերներ էինք, ու ես գիտեմ իր կյանքի ամենախոր կետերը: Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին: Իսկ այդ պահերին Լևոնի կողքին հաշված մարդիկ էին:

Ուզում եմ դիմել մարդկանց, ովքեր այս ընթացքում մեր կողքին են եղել և շարունակում են մեզ աջակցել, նրանց, ովքեր ինձ և Լևոնին մարդասպան անվանեցին, ովքեր ինձ սիրուհու դերը տվեցին, նրանց, ովքեր ի սրտե սիրեցին մեզ ու մեկնաբանություններում կռիվ տվեցին մեզ համար, ես սիրում եմ ձեզ; Իմ սիրելի փիլիսոփաներից մեկը՝ Իմանուիլ Կանտը ասել է. «Անգամ չար կամքը դարձնում է մարդուն զուրկ մարդասիրությունից ու բարոյական նորմերից»: Ես էլ համաձայնում եմ Կանտի հետ ու կարծում, որ վատը կամենալը արդեն իսկ մեղք է:

Ես ձեզ միայն լավն եմ կամենում ու մաղթում, որ մի օր դուք էլ հանդիպեք Լևոնի նման նվիրված, բարի ու մաքուր հոգով էակի, որն այնքան սեր ունի իր ներսում, որ կարող է սիրել ողջ աշխարհը: Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լևոնին:

Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ և անգամ օրագրումս բանաստեղծություններ ու երգեր էի գրում, որպեսզի ինչ-որ կերպով արտահայտեի ցավս: Նամակիս վերջում ուզում եմ կիսվել ձեզ հետ բանաստեղծություններով, որոնք նվիրել եմ Արիանայի հիշատակին:

Արիանայի հիշատակին

Գնա, սիրելիս, ես հասկացել էի՝
Սա քո տեղը չէ ու չի էլ եղել,
Գնա, բայց թող վերջին անգամ
Զգամ հրեշտակային ու անմահ հոգիդ:

Թույլ տուր վերհիշեմ ներկայությունդ
Ու արտաշնչեմ ու շնչեմ բույրդ:
Դադար, դու չկաս, բայց ես դեռ զգում եմ
Ես քեզ դիպչում եմ, սակայն դու չկաս:

Շախ և մատ. այո դու միշտ էլ հաղթել ես,
Քո ոչ երկրային կատարելությամբ,
Եվ, ավաղ, ես ինքս ինձ անիծել էի
Քո հրեշտակային ներկայությամբ:

Ես գիտեմ դու կաս, գնա, սիրելիս,
Վեր բարձրացիր ու հավերժացիր,
Ես վախենում էի սա խոստովանել,
Բայց ես անզոր եմ քեզ այստեղ պահել,
Աշխարհը երբեք էլ քո տեղը չի եղել»,- գրել է Արոնյանի սիրելին:

Ավելի վաղ հայտնել էինք՝  Լևոն Արոնյանը Ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է համացանցում պտտվող այն լուրերը, ըստ որոնց՝ ինքն ընկերուհի ունի: Շախմատիստը որոշել է անկեղծանալ և խոստացել է անկեղծ լինել ամբողջ կյանքի ընթացքում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում