Կորոնավիրուսի օրերին Հաղարծինում սովորել են լավաշ թխել
Տոնական տորթեր պատրաստելու միտքը պարտադրեց համավարակը: Այս օրերին մարդկանց լավ տրամադրություն փոխանցելը տեղին է` ասում է հրուշակագործ Ալինան:
Լավ տրամադրության պատվիրատուները և՛ Դիլիջանից են, և՛ մերձակա գյուղերից:
Ալինա Խաչատրյան (Հաղարծին գյուղի հացաթխման արտադրամասի հրուշակագործ) - Էն ժամանակ աշխատում էինք դպրոցների հետ, քանի որ համաճարակն սկսվեց, դպրոցները փակվեցին, որոշեցինք զբաղվել տորթերով; Տորթը նաև տրամադրություն է:
Հացի և խմորեղենի այս արտադրամասը Հաղարծին գյուղում գործում է արդեն 3 տարի: Գյուղում երբևէ լավաշ չեն թխել, բայց Նարեկ Հարությունյանը սկսել է հենց դրանից: Սկսնակները նախ սովորել են լավաշի վարպետներից: Վալենտինա Շվեցովան առաջիններից է, 20 տարի առաջ Հյուսիսից հարս է եկել գյուղ, հիմա հմուտ լավաշ է թխում ու միայն հայերեն խոսում:
Վալենտինա Շվեցովա (Հաղարծին գյուղի բնակիչ) - Գնացել ենք Գառնի, լավաշը սովորել ենք, օրը երևի մոտ 500 լավաշ ենք թխում, երեքով ենք աշխատում:
Քիչ-քիչ ընդլայնվել է տեսականին, աճել քանակը, բայց երբ կորոնավիրուսը դժվար ընտրության առաջ կանգնեցրեց, չգնացին արտադրամասը փակելու և աշխատողներին տուն ուղարկելու ճանապարհով, օգնեցին նաև տնտեսավարողներին Կառավարության աջակցման ծրագրերը:
Նարեկ Հարությունյան (Հաղարծին գյուղի բնակիչ, ձեռներեց) - Մենք աշխատում էինք ռեստորանների, հյուրանոցների, դպրոցների, մանկապարտեզների հետ, փակվեցին, բայց որոշեցինք դիմակայել: Կառավարության աջակցման ծրագրերից օգտվեցինք ու կարողացանք աշխատողներին պահել: Մտածեցինք՝ թեկուզ մեզ նեղություն տանք, բայց մեր աշխատողներից ոչ մեկին չկրճատենք:













