ԳԳայանե Թամամյան

ՇՄ նախարարության և ԲԸՏՄ փոխգործակցությունը կատարելագործելու կարիք կա. Պետրոսյան

ՇՄ նախարարության և ԲԸՏՄ փոխգործակցությունը կատարելագործելու կարիք կա. Պետրոսյան

Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին և տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներին։

 

Քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով՝ դրանց լուծմանը միտված ընթացիկ գործընթացների վիճակը, ինչպես նաև առանձին քննարկման են արժանացել տեսչական մարմնին տրված լիազորությունների շրջանակը, գործիքակազմը և դրանք իրացնելու հնարավորությունները։

 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ապօրինի ջրօգտագործման, ծառահատումների, անազատության մեջ պահվող կենդանիների հաշվառման հիմնախնդիրներին, համակարգային փոխգործակցության հատվածում բացերին, վերահսկման և կանխարգելման նոր գործիքակազմի մշակման անհրաժեշտությանը։

 

Նախարարն անդրադարձել է նկատելի թերություններին ու իրավասու մարմինների միջև գործողությունների հետևողականության և համագործակցության տեսանելի բացերին։

 

Ըստ նախարարի՝ այսօր առկա է իրական կյանքում՝ շրջակա միջավայրում արձանագրված բազմաթիվ իրավիճակային խնդիրների և դրանց հակազդելու, կանխարգելելու, հետևանքները վերացնելու ընթացակարգերով և օրենսդրական իրավակարգերի խիստ անհամապատասխանություն։

 

Ըստ նախարարի՝ շատ հաճախ վերահսկողական գործառույթներով օժտված տեսչական մարմնի բարեվարքության վրա ազդում է այդ լիազորություններն իրացնելու գործընթացի բարդ ընթացակարգը, և արդյունքում տեսուչին հնարավորություն չի ընձեռվում շրջակա միջավայրի ամենատարբեր իրավախախտումներին տալ արագ գնահատական և օպերատիվորեն հակազդել իրավախախտների գործողություններին։

 

«Շրջակա միջավայրի նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փոխգործակցությունը կատարելագործվելու և ավելի ինստիտուցիոնալ հունի մեջ դնելու կարիք կա։ Պետությունը ձեզ օժտել է գործիքակազմով, որպեսզի դուք յուրաքանչյուր խնդրի ու ապօրինի գործողության արագ և տեղում արձագանքեք, հետամուտ լինեք դրանց հետևողական ու ամբղջական լուծմանը։ Մեր գերատեսչություններն ամենաուղղակի ազդեցությունն ունեն շրջակա միջավայրի ճիշտ և հոգատար կառավարմամբ պայմանավորված՝ հասարակության վարքագծի ձևավորման վրա, ինչն այսրոպեական ձեռնարկումներ ու միջամտություններ է պահանջում»։

 

Հանդիպաման ընթացքում մշակվել է առաջիկա կարճաժամկետ գործողությունների ճանապարհային քարտեզ։

 

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրները շատ են, և կարիքը կա խիստ համագործակցության ու փոխգործակցության ավելի լայն մասշտաբների և արդյունավետ, երկուստեք իրականացվող գործընթացների։

 

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը հույս է հայտնել, որ ամենասեղմ ժամկետներում նոր քաղաքականության շրջանակներում կմշակվի փոխգործակցության ավելի արդյունավետ համակարգ, կստեղծվեն հաղորդակցության ու հետադարձ կապի ինտերակտիվ խողովակներ, և երաշխավորել, որ ձեռնամուխ կլինի տեսչական մարմնի ինստիտուցիոնալ հզորացման ու կարողությունների ընդլայնման գործին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում