ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` անդրադառնալով Լիբանանում այսօր տեղի ունեցած պայթյունին:
«Այսօր երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ:
Նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ ևս վնասներ են եղել: Դեպքից անմիջապես հետո հեռախոսով կապնվեցի Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ: Դեսպանը նշեց, որ արդեն իսկ կապ է հաստատել տարբեր կազմակերպությունների հետ` պարզելու, թե որքան է նախնական վնասը, և արդյոք կան զոհեր: Այս պահին միայն խոսք է գնում մեկ վիրավորի մասին, ով վնասվել է պայթյունի հետևանքով կոտրված ապակուց։










