ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնել են, որ նախատեսվել է մշակել Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի նոր մարզադպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերը:
«Կառավարության 07.05.2020 թվականի նիստի թիվ 709-Ն որոշմամբ բյուջեով ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացված միջոցների հաշվին նախատեսվել է մշակել Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի նոր մարզադպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Օբյեկտի կառուցման համար արդեն իսկ հատկացվել է անհրաժեշտ հողատարածք: Ներկայումս ծանրամարտի մարզադպրոցը գործում է Ջրառատ համայնքի մշակույթի տան շենքում և գտնվում է անբարեկարգ վիճակում, հարմարեցված չէ ծանրամարտի մարզումների համար:
Նշված ծրագրի մեկնարկը ապահովելու համար ս.թ. հուլիսի 30-ին Կոմիտեում քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության կողմից կազմակերպվել էր հանդիպում ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի, նրա եղբոր՝ Արսեն Մարտիրոսյանի և ճանաչված մարզիկների մարզիչ Նարեկ Խաչատրյանի հետ:
Քննարկման ընթացքում ուրվագծվել են մարզադպրոցի կառուցվածքը և առանձնահատկությունները, որի արդյունքում, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով, որոշվել է կազմակերպել գնման գործընթաց»,- ասվել է կոմիտեի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:










