ՌՌոզա Խաչատրյան

Այս դժվարին օրերին Հայրենիքը պետք ունի յուրաքանչյուր զավակի զորակցության. Կաթողիկոս

Այս դժվարին օրերին Հայրենիքը պետք ունի յուրաքանչյուր զավակի զորակցության. Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ հեռակապով հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը և Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։

Հեռավար հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել օրեր առաջ Հայրենիքում՝ Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղ գտած ռազմական գործողություններին։ Վեհափառ Հայրապետը լուսաբանություններ է տվել վերջին զարգացումների շուրջ՝ աղոթքով հիշելով հանուն հայրենիքի խաղաղության և անվտանգության նահատակված հայորդիներին։ Նորին Սրբությունը խոսել է նաև այս առիթով տարբեր երկրներում Ադրբեջանի հրահրմամբ տեղի ունեցող ազգամիջյան բախումների և համայնքներում տիրող իրավիճակի մասին՝ տեղեկացնելով, որ իրենց հետ հաղորդակցություն պահպանելուց բացի՝ մշտական կապի մեջ է եղել Եվրոպայի ու Ռուսաստանի թեմակալների հետ։

Գարեգին Երկրորդ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել տարբեր քաղաքներում թեմակալ առաջնորդների և հոգևորականների ունեցած կարևոր դերակատարության առնչությամբ, որի շնորհիվ հաջողվել է պաշտպանել հայ համայնքները և պատշաճ վարքագիծ դրսևորել ազգամիջյան լարվածության հաղթահարման համար։ Դատապարտելով ադրբեջանական այս քաղաքականությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է շարունակել միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու մեր ժողովրդին տրվելու սադրանքների։

Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծել է անհրաժեշտությունը Սփյուռքի կառույցների միջև գործակցության զորացման ու համախմբման, ինչպես նաև Հայրենիքի կապերի սերտացման և ամրապնդման։ «Այս դժվարին օրերին Հայրենիքը պետք ունի իր յուրաքանչյուր զավակի զորակցության», - նշել է Հայոց Հայրապետը։

Իրենց հերթին թեմակալ առաջնորդները զորակցություն են հայտնել Հայոց Հովվապետին և հայրենաբնակ ժողովրդին՝ հաստատելով, որ Սփյուռքն ապահով է միայն Հայաստանի հզորությամբ, անվտանգությամբ և առաջընթացով, և կարևորել համազգային միասնականությունը։

Զրույցի ընթացքում թեմակալները Ամենայն Հայոց Կաթողիկոսին նաև տեղեկություններ են փոխանցել թեմերի և ծխերի ներկայիս վիճակի, եկեղեցիներում աստվածպաշտության կազմակերպման և համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների վերաբերյալ։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը, կարևորելով այս ծանր շրջանում թեմակալների և հովիվների մատուցած ծառայությունը իրենց հոգևոր խնամքի ներքո գտնվող ազգի զավակներին, իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել թեմերում սպասավորող հոգևոր դասին։ Նորին Սրբությունն ընդգծել է, որ Մայր Աթոռը զորավիգ է յուրաքանչյուր հայորդու և պիտի շարունակի իր զորակցությունը բերել թեմակալ առաջնորդներին իրենց հոգևոր և ազգապահպան աստվածահաճո առաքելության մեջ։ Հայոց Հովվապետը առաջնորդներին նաև ներկայացրել է հայրենիքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը՝ բարձրորեն գնահատելով այդ ծրագրերի իրագործման համար ընծայաբերումներ կատարած թեմերի և անհատ բարերարների հանձնառությունները։

Հանդիպմանը մտահոգություն է արտահայտվել նաև Հայրենիքում կրթական բարեփոխումների գործընթացի, ինչպես և հանրակրթական դպրոցից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերման շուրջ։

Քննարկվել են թեմական կյանքին առնչվող տարբեր հարցեր, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներ և դրանց արդյունավետ հաղթահարման ուղիներ։

Զրույցն ամփոփվե է Ամենայն Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով և մաղթանքով, որ Երկնավոր Տերը խաղաղ ու անվտանգ պահի Հայոց աշխարհը և օրհնի հայոց ազգը ի հայրենիս և ի սփյուռս՝ զորավիգ լինելով ազգային մեր իղձերի ու նպատակների իրագործման ճանապարհին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում