ՌՌոզա Խաչատրյան

Անվճար կրթության, բուժսպասարկման ու այլ ծրագրերի համար՝ հավելյալ 13 մլրդ դրամ. մեկնարկեց ԱՀ կառավարության անդրանիկ նիստը

Անվճար կրթության, բուժսպասարկման ու այլ ծրագրերի համար՝ հավելյալ 13 մլրդ դրամ. մեկնարկեց ԱՀ կառավարության անդրանիկ նիստը

Այսօր իր անդրանիկ նիստը գումարեց Արցախի Հանրապետության նորընտիր կառավարությունը:

Քննարկվող առաջին հարցն ԱՀ-ի 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններն էին:

ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նախագիծը մշակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի 2020-2025 թթ. ծրագրի մի շարք դրույթների համաձայն. մասնավորապես՝ ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, ոռոգման ցանցի ընդլայնման ու կառավարման արդյունավետության բարձրացման բնագավառում առաջարկվում է «ԱՀ հյուսիսարևելյան հողերի ոռոգումը Թարթառի հոսքով» ծրագրի իրականացման նպատակով 2020 թ. համար ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգում, վերականգնում և պահպանում ծախսային ծրագիրը ավելացնել 2.5 մլրդ դրամով: Արտեզյան ջրհորների կառուցման ու ջրախնայողական տեխնոլոգիաների ցանցի ընդլայնման նպատակով «Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրեր» ծախսային ծրագիրն ավելացնել 1.5 մլրդ դրամով:

2020 թ. սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման, հեմոդիալիզի և անգիոգրաֆիայի ծառայությունների ընդլայնման, նաև անպտղության բուժման նպատակով առողջապահության բաժինը առաջարկվեց ավելացնել 400 մլն դրամով:

«Դրանից բացի, արդեն 2020-ին առողջապահական ծրագրեր իրականացնելու համար նախատեսված գումարների շրջանակներում կիրականացվեն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ու նրանց հավասարեցված, Արցախի Հանրապետությունում հաշվառված, Արցախի պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած անձանց սրտի վիրահատությունների անվճար կազմակերպումը»,- նշեց ֆինանսների նախարարը:

Անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ծրագրին անդրադառնալով՝ Բաղդասարյանը նշեց, որ բյուջեի «Կրթություն» և «Ուսանողներին տրվող փոխհատուցում» ծրագիրը առաջարկվում է ավելացնել 200 մլն դրամով:

Համայնքներում ենթակառուցվածքների զարգացման և բարելավման, գյուղական բնակֆոնդի նորոգման հնարավորությունների ընդլայնման բնագավառում գյուղերի ճանապարհների սալապատման աշխատանքների, համայնքին, բնակիչներին շինանյութերի տրամադրման ծավալների ավելացման նպատակով «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով ԱՀ շրջանների կարողությունների զարգացման» ծախսային ծրագիրն առաջարկվում է ավելացնել 710 մլն դրամով:

ԱՀ չգազիֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի որոշ մասի սուբսիդավորման նպատակով «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորում» ծախսային ծրագիրն առաջարկվում է ավելացնել 100 մլն դրամով:

Ռազմավարական մի շարք օբյեկտների վերանորոգման ու կառուցման նպատակով էլ առաջարկվեց հատկացնել հավելյալ 5.5 մլրդ դրամ:

Առաջարկվեց նաև կորոնավիրուսի համավարակի կանխարգելման աշխատանքների, դրա հաղթահարմանն ուղղված աշխատանքների և հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պետբյուջեի պահուստային ֆոնդն ավելացնել 2 մլրդ 900 մլն դրամով:

«Այսպիսով, 2020 թվականի պետբյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 13 մլրդ 810 մլն դրամով, իսկ եկամուտները՝ 5  մլրդ 100 մլն դրամով՝ պայմանավորված Արցախի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափը 5 մլրդ 100 միլիոնի չափով ավելացմամբ: Փոփոխությունների արդյունքում 2020 թ. ԱՀ պետբյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 126 մլրդ 49 մլն 399 հազար դրամ, ծախսերի գծով՝ 134 մլրդ 650 մլն 717 հազար դրամ, դեֆիցիտը կկազմի 8 մլրդ 601 մլն 318 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին»,- նշեց Բաղդասարյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում