ԱԱրևիկ Աբելյան

Կառավարությունը գումար է հատկացրել հեռուստաընկերություններին

Կառավարությունը գումար է հատկացրել հեռուստաընկերություններին

Կառավարությունը պահուստային ֆոնդից 78 մլն 300 հազար դրամ է տրամադրել հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստառադիոընկերություններին՝ որպես միանվագ ֆինանսական աջակցություն: 

Համավարակի հենց սկզբից հեռարձակողները կամավոր ներգրավել են Covid-19 հիվանդության համավարակը կանխելու հանրային իրազեկման աշխատանքներին: Նաև պատրաստել  են հիվանդության կանխարգելման, համաճարակի պայմաններում առողջապահական կանոնների պահպանման, տնտեսական ու սոցիալական աջակցության ծրագրերի մասին իրազեկող տեսալսողական հոլովակներ։

Կառավարությունն այսկերպ աջակցել է կորոնավիրուսի հետևանքով հեռարձակողների ֆինանսական խնդիրները մեղմելուն, քանի որ տնտեսական դժվարությունները կտրուկ նվազեցրել են նրանց գովազդային եկամուտները: 

Եվ նրանցից շատերն այս ընթացքում չեն կարողացել մարել Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի ծառայությունների դիմաց կուտակած պարտքերը:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆինանսական աջակցությունը հեռուստաաշտարակի պարտքերի մի մասը մարելու համար է: 

Գումարների բաշխումն արվել է հավասարաչափ՝ հանրապետական սփռում ունեցող հեռարձակողները ստացել են ավելի շատ, քան մայրաքաղաքային և մարզային սփռում ունեցողները:

Արմենիան, Շանթը, Հ2-ը, Երկիր Մեդիան, Կենտրոնը յուրաքանչյուրը կստանան 10 մլն դրամ, ԱՐ, Արմնյուզ, Նոր Հայաստան, 5-րդ ալիք, Դար 21, Ա-թի-վի հեռուստաընկերությունները յուրաքանչյուրը 2,5 մլն դրամ: 

Մարզային հեռուստաընկերությունները կստանան 500 հազար դրամ և 300 հազար դրամ: Ռադիոընկերություններից յուրաքանչյուրը ըստ սփռման ծածկույթի կստանա 250-500 հազար դրամի ֆինանսական աջակցություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում