ՎՎարդուհի Բալյան

Հուլիսին Սիրիայում հայ սակրավորներն ականազերծել են մոտ 20 հազար քմ ականապատ տարածք

Հուլիսին Սիրիայում հայ սակրավորներն ականազերծել են մոտ 20 հազար քմ ականապատ տարածք

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները հուլիսին ականազերծել են 19878 քմ ականապատ տարածք: Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 205087 քմ, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142000 քմ տարածք: Հուլիսին հայտնաբերվել է 14 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 հատ 120 մմ ականանետի չպայթած արկ, 6 հատ OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 4 ինքնաշեն պայթուցիկ սարք, 1 հակատանկային TM-62П, 2 ՎՕԳ 17:

 
Մարդասիրական 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1713 տեղաբնակների: Առաքելության առաջին իսկ օրվանից՝ 15485 հիվանդների:
 
Հուլիսին բժշկական խումբը ղեկավար կազմի հետ մասնակցել է Հայ Ավետարանական համայնքին պատկանող «Բեթել» բժշկական կենտրոնի բացման միջոցառմանը, որի ժամանակ համայնքի ղեկավար Վերապատվելի Հարություն Սելիմյանը ամենօրյա ցուցաբերած բժշկական մասնագիտական օգնության համար իր երախտիքի խոսքն է հղել հայ բժիշկներին: 5-րդ բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժհաստատություններին, մասնավորապես «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին, փոխանցել է բժշկական անհրաժեշտ պարագաներ։

 

Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խումբը հուլիսին մասնակցել է Մեծ Ներսես Հայրապետի հիշատակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, Համազգային թատրոնի կազմակերպած հայ ազգագրական մշակութային միջոցառումներին:
 
Հուլիսի 22-ին Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային պատսպարան» մանկատան սաները Սիրիայի օգնության խաչի վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են Հայաստանի հումանիտար առաքելության մշտական տեղակայման վայր: Ողջունելով Հալեպ ժամանած հայ մասնագետներին՝ ՍՕԽ-ի վարչակազմը հաջողություն է մաղթել մարդասիրական խմբին աշխատանքների իրականացման մեջ։ Հանդիպման ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Խմբի ղեկավարության կողմից մանկատան սաներին փոխանցվել են նվերներ:
 
Հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի Հայ ծերանոցին և հայ համայնքի մանկատան սաներին են փոխանցել անհրաժեշտ պարագաներ և սնունդ:

 

Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված միջոցառումներ: Չնայած Հալեպում պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումների և դժվարությունների՝ մարդասիրական խումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում