ԼԼիլիթ Սեդրակյան

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կանցկացվի 2021-ին Հայաստանում

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կանցկացվի 2021-ին Հայաստանում

Գիտության և արվեստի աշխարհահռչակ փառատոն STARMUS VI-ը 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երևանում գիտության շուրջ կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների և տիեզերագնացների՝ տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը։

STARMUS VI-ը նվիրված կլինի Մարսին. առաջին՝ խորհրդային MARS 3-ից և ամերիկյան MARINER 9-ից մինչև NASA-ի տպավորիչ առաքելություններն ու Space X-ի հավակնոտ վայրէջքի ծրագրերը։

50 տարի է անցել Կարմիր մոլորակի վրա MARS 3-ի թեթև վայրէջքից ու մոլորակի մակերևույթի վերաբերյալ առաջին տվյալները Երկիր ուղարկելուց։ Նույն թվականին՝ 1971-ին, NASA-ի MARINER 9-ը դարձավ Մարսի շուրջ պտտվող առաջին օրբիտային սարքը։

Այս իրադարձություններին հաջորդեցին NASA-ի տասնյակ հաջող առաքելությունները, որոնք Արեգակնային համակարգում մեր «հարևանի» մասին ավելի հստակ պատկերներ և ինֆորմացիա փոխանցեցին։ 2020 թ. ամռանը աշխարհի երեք տիեզերական գործակալություն պլանավորում է մեկնարկել դեպի Մարս առաջին առաքելությունները, որոնք մոլորակ կժամանեն 2021-ին։

Հետևելով ձևավորված ավանդույթին՝ փառատոնը քննարկելու է հրատապ խնդիրներն ու ցուցադրելու է Մարսի ուսումնասիրության մասին ֆիլմեր։ Ֆիլմերի նախորդ ցուցադրությունները ներառել են «Apollo 11»-ն ու The Spacewalker-ը՝ Starmus-ի խորհրդի անդամ և լեգենդար ռուս աստղագնաց Ալեքսեյ Լեոնովի մասին։

Փառատոնն անցկացվելու է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Նախագահը Starmus-ը Հայաստան էր հրավիրել  2019 թվականին՝ Ցյուրիխում՝ Starmus V-ի բացման արարողությանն ունեցած իր ելույթում։

Փառատոնին ՀՀ կառավարության անունից կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը, սերտորեն համագործակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ, փառատոնը կդարձնի կրթական, գիտական և գեղարվեստական բացառիկ իրադարձություն:

Ինչպես նախորդ տարիներին՝ 6-րդ Starmus փառատոնը կհյուրընկալի աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների և տիեզերագնացների՝ կիսվելու բեկումնային բացահայտումներով, անդրադառնալու հրատապ հարցերի և ոգեշնչելու նոր սերնդի գիտնականներին ու հետազոտողներին։

Փառատոնի արվեստի և երաժշտության ոլորտի խոսնակների անունները կհայտարարվեն ավելի ուշ։

Փառատոնի հաստատված խոսնակներն են Նոբելյան մրցանակակիր գիտնականներ Էդվարդ Մոզերն ու Միշել Մայորը, Apollo 16-ի լուսնագնաց Չարլզ Դյուկը, CRISPR գեների խմբագրման տեխնոլոգիայի համահեղինակ Էմանուել Շարպանտիեն ու «iPod-ի հայր» և NEST-ի հիմնադիր Թոնի Ֆադելը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում