Սեյսմակայուն ու ժամանակակից 46 դպրոց՝ Երևանում, մարզերում. տարվա ընթացքում 4-ը շահագործման կհանձնվի

Հայաստանի տասնյակ դպոցներ ոչ միայն վերանորոգման, այլև սեյսմակայունության խնդիր ունեն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա՝ ըստ անհրաժեշտության, նախատեսվում է դպրոցների կառուցում ու ամրացում:

4 տարի, մեկ միլիարդ 216 միլիոն դրամ և ծով համբերություն է պահանջվել Նոր խարբերդի՝ Մնացական Ղազարյանի անվան դպրոցը վերանորոգելու համար: Տարիներ շարունակ տարբեր դպրոցներում իրենց դպրոց վերադարձին սպասող մանկավարժներն էլ պարբերաբար գալիս են, թաքուն ուրախանում, լուսանկարում դպրոցը, աշակերտների հետ կիսվում իրենց ուրախությամբ:

Սեպտեմբերին ուսումնական հաստատության դռները կբացվեն 600 աշակերտի առջև: Լավ է, որ նախկինում այս դպրոցը չէիք տեսել,- ասում է տնօրենը:

Սեյսմիկ անվտանգության բարելավման այս ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և Երևանում նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում: Սա ենթադրում է մոտ 19 հազար աշակերտի՝ ուսումնական գործընթացի բարելավում:

«Եթե առաստաղից անձրև չկաթի, հատակը փլվելու վտանգ չլինի, կկարողանանք ավելի շատ ուսումնական գործընթացի վրա կենտրոնանալ»,- ասում է Խարբերդի դպրոցի տնօրենը:

46 դպրոցի ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն. դոլար: Ըստ վթարայնության աստիճանի է որոշվել՝ դպրոցի տեղում բոլորովին նորը կառուցել, թե՞ հինը վերակառուցել: Հատակ, դռներ, պատեր, ամեն ինչ չհրկիզվող է:

Սանիտարահիգիենիկ ու սեյսմիկ անվտանգության կանոնների պահպանման նպատակով հանդիսությունների սրահ, գրադարան, ճաշարան, բուժկետ նաև առանձին ելքեր ունեն: Հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների դասարաններն էլ այլևս ստիպված չեն լինի առաջին հարկում տեղավորել: Դպրոցի վերելակները հենց նրանց համար են նախատեսված:

Որպեսզի աշակերտները սիրեն բոլոր առարկաները, օրինակ՝ քիմիայի կաբինետում ամեն աշակերտ փորձերի համար համապատասխան կահավորանք կունենա: Խողովակներն արդեն անցկացված են: Նույն սկզբունքով է կահավորվում նաև ինֆորմատիկայի կաբինետը:

Խարբերդի դպրոցում նմուշառումներն իտալացի մասնագետներն են կատարել: Եթե որակը չի համապատասխանել, որոշ դեպքերում, որոշ հատվածներ քանդել, նորից են կառուցել:

Ծրագիրը մեկնարկել էր 2015-ին, 2024 թվականը վերջնաժամկետն է, որ 46 դպրոցն էլ հանձնված լինեն: Մասիսի տեսարանն էլ Խարբերդի դպրոցի ուսուցիչների համար այլևս միայն գեղագիտական հաճույքի աղբյուր կլինի: Նախկինում նայում էին, որ գուշակեին, դպրոցի տանիքից կաթելո՞ւ է, թե՞ ոչ: Ասում են ՝ օրվա ընթացքում եղանակն անպայման վատանում է, եթե գագաթին ամպի գոնե մի ծվեն լինի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում