ՌՌոզա Խաչատրյան

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է արել դադարեցնել հակամարտության սրացումը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է արել դադարեցնել հակամարտության սրացումը

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների, խաղաղ բնակավայրերի հրետակոծման և լարվածության հրահրման առիթով հուլիսի 16-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան հանդես է եկել հայտարարությամբ։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը, որը կիրակի՝ հուլիսի 12-ից, խլեց առնվազն 16 մարդու կյանք և հանգեցրեց ապակայունացման՝ սպառնալով վերաճելու լայնամասշտաբ հակամարտության։

ԵՀԽ-ն խորապես անհանգստացած է առկա զեկույցներով, որոնց համաձայն՝ փոխադարձ հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական անձինք են տուժել և քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքներ, ներառյալ կորոնավիրուսի համավարակի դեմ անձնական պաշտպանիչ միջոցներ արտադրող Հայաստանի Տավուշի մարզի գործարանը։

Մասնավորապես, նոր կորոնավիրուսի համավարակի այս իրավիճակում, որը ներազդել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ԵՀԽ-ն հորդորում է երկու կողմերին՝ հետևելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համընդհանուր հրադադարի կոչին՝ հնարավորություն տալով անհրաժեշտ բոլոր միջոցները տրամադրելու համավարակի դեմ պայքարին։ Մինչ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հետևելու համընդհանուր հրադադարին, ԵՀԽ-ն ցավով արձանագրում է, որ Ադրբեջանը չի հետևում դրան»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՀԽ գործող գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է ԵԱՀԿ միջնորդական առաքելությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կոչ ուղղելով կողմերին՝ վերսկսելու դիվանագիտական ջանքեր գործադրել՝ երկու ժողովուրդների միջև հակամարտությունը հանգուցալուծելու նպատակով։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 1962 թվականից անդամակցում է աշխարհի ամենամեծ համաքրիստոնեական այս կազմակերպությանը՝ 350 անդամ եկեղեցիներով և ավելի քան 500 միլիոն քրիստոնյաներով։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր մշտական ներկայացուցիչներն ունի կազմակերպության ղեկավար մարմիններում՝ կենտրոնական և գործադիր հանձնախմբերում, աստվածաբանական կարևորագույն՝ «Հավատ և Կարգ» հանձնախմբում, կրթության և էկումենիկ դաստիարակության, ավետարանության և քարոզչության, միջկրոնական երկխոսության և այլ հանձնախմբերում։

 

 
 
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում