ԳԳայանե Թամամյան

«Հեռավար կրթությունը համավարակի պայմաններում» թեմայով հանդիպում-քննարկում

«Հեռավար կրթությունը համավարակի պայմաններում» թեմայով հանդիպում-քննարկում

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հուլիսի 15-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հանդիպում-քննարկում «Հեռավար կրթությունը համավարակի պայմաններում» թեմայով: Հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի խոսքով՝ քննարկման կազմակերպումը պայմանավորված է թեմայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությամբ:

Թեմայի շուրջ հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ նախարարությունը պատրաստվում է նոր ուսումնական տարին սկսել բնականոն հունով, սակայն զուգահեռ մշակվում է նաև այլ սցենար, ինչը թույլ կտա համավարակի աճի դեպքում ևս կազմակերպել կանոնավոր դասընթացներ: Նախարարի հավաստիացմամբ՝ առաջարկվող բոլոր սցենարները առաջիկայում քննարկվելու են նաև նախադպրոցական և հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Լուսինե Ղարախանյանը նաև նշել է, որ հեռավար դասընթացի կազմակերպման համար պետական միջոցներով և բարերարների աջակցությամբ դպրոցներին կտրամադրվեն համապատասխան նյութատեխնիկական միջոցներ:

Անդրադառնալով ուսումնական պրոցեսների կազմակերպմանը՝ նախարարն ընդգծել է, որ մինչև 100 աշակերտ ունեցող 180 դպրոցում նախատեսվում է դասապրոցեսի անցկացում՝ անկախ համավարակի առկայությունից, քանի որ այդպիսի դպրոցներում հնարավոր է պահպանել սոցիալական հեռավորությունը: «Ստեփանակերտի դպրոցները երկհերթ են լինելու: Նախատեսվում է դասաժամը դարձնել 35 րոպե»,- նշել է նախարարը:

Գալիք ուսումնական տարում մասնագետների բացակայությամբ պայմանավորված՝ գյուղական բնակավայրերում բնագիտական որոշ առարկաներ կուսուցանվեն առցանց եղանակով:

Պատգամավորները նախարարին են առաջադրել հարցեր և հանդես եկել ելույթներով:

Քննարկման ընթացքում պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կառավարության այլ ներկայացուցիչներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում