ՆՆարե Ոսկանյան

Զորակոչից տարկետման հնարավորություն՝ մշակույթի և արվեստի գործիչների համար

Զորակոչից տարկետման  հնարավորություն՝ մշակույթի և արվեստի գործիչների համար

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչից մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող  քաղաքացիներին տարկետում տալու նախագիծն արդեն շրջանառվում է: 1lurer.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության իրավաբանական վարչության պետի պարտականությունները կատարող Արսեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նախագիծն արդեն ուղարկել են Պաշտպանության նախարարություն, որտեղից ստացել են համաձայնությունը, և այս պահին նախագիծը գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ կարծիքի համար: Մշակույթի և արվեստի բնագավառում գործունեության համար պարտադիր ամառային զինվորական զորակոչից տարկետում ստանալու համար քաղաքացիները կարող էին դիմել ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը:

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ դիմումին կից ներկայացվել են նաև բնագավառում գործունեությունը հավաստող փաստաթղթերի բնօրինակները, դրանց պատճենները, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառում առնվազն երկու հեղինակավոր գործիչների երաշխավորագրեր:

«Կարգով  մշակույթ և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում կատարողական արվեստի բնագավառում մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր առնվազն մեկ նախագծի հաղթող կամ մրցանակակիր դարձած, մշակույթի և արվեստի բնագավառում օրենքով սահմանված կարգով ՀՀ պատվավոր կոչում ստացած քաղաքացիները»,- ասաց Բաղդասարյանը: Նա հավելեց, որ երկրորդ չափորոշիչն այն է, որ նույն մրցութային կարգով անցկացվող առնվազն երկու նախագծերի հաղթող կամ մրցանակակիր լինի: Երրորդ չափանիշն էլ՝ որ պարբերաբար հանդես եկած լինի միջազգային հեղինակավոր հարթակներում, բեմերում, խոշոր միջոցառումներում:

Այս տարի հանձնաժողովի կազմում եղել է 11 անդամ՝ գերատեսչություններից և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ: Պաշտպանության նախարարությունից հանձնաժողովի կազմում այս տարի եղել է նաև ՊՆ կադրերի և ռազմավարական կրթության վարչության պետի տեղակալ Հովհաննես Սուքիասյանը: 1lurer.am-ի հետ զրույցում Սուքիասյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել ավելի քան 15 թեկնածություն: Քննարկել են կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխան:

«Ես մասնակցել եմ նաև անցած տարվա քննարկումներին՝ մեկ զորակոչի շրջանակում: Նախորդ տարվա համեմատ՝ նույն ձևաչափով է, իհարկե, անցկացվել: Մոտեցումները հստակ են, թե  ինչ նվաճումների համար կարող է քննարկվել տարկետում տրամադրելու հարցը»,- ասաց Սուքիասյանը:

Հանձնաժողովն անցկացրել է նիստ և, դիտարկելով փաստաթղթերը, տվել եզրակացություն, թե որ դիմումատուները կարող են հավակնել տարկետման: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրին, որ հնարավորություն է եղել որոշումները բողոքարկել և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել  հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 

Արսեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այս պահին սպասում են՝ եթե այս շաբաթ ստանան նախագծի վերաբերյալ Արդարադատության նախարարության կարծիքը, ապա կամփոփեն և անմիջապես կուղարկեն Կառավարություն:

1lurer.am-ը զրուցեց նաև 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու նախագծում ընդգրկված մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներից Խաչիկ Անդրեասյանի հետ: Նա 15 տարի է արդեն՝ դաշնակահար է, նվագել սկսել է 6 տարեկանից: Երաժիշտը պատմեց, որ երկու ամիս առաջ դիմել է, հետևել  կայքին ու տեսել, որ կարող է հավակնել տարկետում ստանալուն: 

  

Այս տարի մասնակցել է Պադերևսկու անվան 5-րդ միջազգային դաշնակահարների մրցույթին, ստացել 1-ին մրցանակ: Միջոցառումն անցկացվել է առցանց՝ ելնելով համաշխարհային համաճարակային դրությունից: Որպես առաջին մրցանակակիր՝ հրավիրվել է 2021 թվականի ընթացքում մասնակցելու տարբեր միջազգային ծրագրերի ու փառատոների: Այժմ նա սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայում՝ պրոֆեսոր` Արմեն Բաբախանյանի կուրսում:

«Դաշնամուրը, կարելի է ասել, իմ երկրորդ կեսն է: Անհնար է ապրել առանց դրա: Իմ 85 տոկոսը կազմում է երաժշտությունը, դաշնամուրը. ապրում եմ նրա հետ: Ամեն մարդ, որը դիմում է տարկետման համար, իհարկե, չի կարղ դա ստանալ: Կա հանձնաժողով, լուրջ ժյուրի, որոնք քննարկում են ու որոշում՝ կարո՞ղ ես հավակնել, թե՞ ոչ: Եթե ես հավակնել եմ, նշանակում է, որ ինչ-որ  կարևոր դեր ունեմ երաժշտության, արվեստի բնագավառում:

Սա բանակից փախուստ չէ, միևնույն է, տարկետում կարող ես ստանալ մինչև 26 տարեկանը: Սա պարզապես սկզբնական շրջանն է, երբ ուսանելու այդ երկու տարիները, հատկապես դաշնակահարի համար, կարող են ծավալուն գործունեություն ունենալու հնարավորություն տալ»,- ասաց դաշնակահարը:

Խաչիկ Անդրեասյանը պատմեց, որ լուրջ ծրագրեր ունի մասնագիտական ասպարեզում հաջողությունների հասնելու համար: Նրա կարծիքով՝ պահանջված դաշնակահարը պետք է օր ու գիշեր առնվազն 6-7 ժամ անցկացնի դաշնամուրի առջև: Նա մի շարք միջազգային մրցույթների մրցանակակիր է, 2019-ին էլ արժանացել է դասական երաժշտության բնագավառում  ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: Մենահամերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում