2027 թվականի պետական բյուջեի նախագիծը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարության ծրագրի իրականացման առաջին տարվա բյուջեն է։ Այն ոչ միայն ֆինանսական փաստաթուղթ է, այլև մեր քաղաքական առաջնահերթությունների, պետական զարգացման տեսլականի և ստանձնած պատասխանատվության արտահայտությունն է։ Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծովինար Վարդանյանը՝ հարակից զեկույցում խոսելով «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ուղղություններից։
«Մեր խնդիրն է կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ ՀՀ քաղաքացին իր ապագան կապում է սեփական պետության հետ, ունի աշխատելու, զարգանալու և իր ընտանիքի բարեկեցությունն ապահովելու իրական հնարավորություններ»,- շեշտել է նա՝ նշելով, որ գալիք տարվա համար Կառավարությունն ակնկալում է ունենալ 5,8 տոկոս տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հատվածում՝ տարեկան միջինում 6 տոկոս։
Բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ 2027 թվականին արդյունաբերությունն ու շինարարությունը կաճեն 7,4 տոկոսով, ծառայությունները՝ 5,5 տոկոսով, իսկ գյուղատնտեսությունը՝ 3,2 տոկոսով։
Հանձնաժողովի փոխնախագահը նշել է՝ եկամուտները գալիք տարի կանխատեսվում են 3,6 տրիլիոն, իսկ ծախսերը՝ շուրջ 4,7 տրիլիոն դրամ, ինչը 2026 թվականի հաստատված բյուջեի համեմատ ավելի է 500 մլրդ դրամով։
Ընդհանուր ծախսերի 81,3 տոկոսը նախատեսվում է ուղղել ընթացիկ ծախսերին, իսկ 18,7 տոկոսը՝ ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերմանն ու ստեղծմանը։ Կապիտալ ծախսերի մասնաբաժինը նախատեսվում է աստիճանաբար բարձրացնել մինչև 20,8 տոկոս՝ 2029 թվականին։ Այս և այլ ծրագրային մանրամասներ ներկայացնելով՝ Ծովինար Վարդանյանը նշել է, որ 2027 թվականին բյուջեի պակասուրդը 468,2 մլրդ դրամ է, և այն նախատեսվում է նվազեցնել՝ 2029 թվականին հասցնելով մինչև 291,4 մլրդ դրամ։
Զեկուցողը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական է գնահատել «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Ծովինար Վարդանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով ոլորտին ուղղվելիք հատկացումներն ու իրականացվելիք բարեփոխումները։
Զեկուցողի խոսքով՝ ոստիկանության արդիականացման շրջանակում նախատեսվում է զարգացնել կիբեռլաբորատորիա, ներդնել արհեստական բանականության կիրառմամբ «Քրեաբանական վերլուծություն», «Խելացի քաղաք», «ԱԲ ոստիկան» համակարգերը։ «Սրանք կարևոր նախաձեռնություններ են, բայց դրանց արդյունավետությունը պետք է գնահատվի հանցավորության կանխարգելմամբ, բացահայտմամբ և հանրային անվտանգության ապահովման շոշափելի արդյունքներով»,- ընդգծել է պատգամավորը։
Արմեն Խաչատրյանը ներկայացրել է նաև հանրային անվտանգության համար սկզբունքային նշանակություն ունեցող նախաձեռնությունները։
Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական է գնահատել 2027 թվականի բյուջեի նախագիծը։ Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին։
Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով։










