Հայաստանի Հանրապետությունն այսօր առերեսվում է շուրջ հազար անհայտ կորած անձանց խնդրի հետ։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի իր ելույթում։
«Նրանց շուրջ 777-ը անհայտ կորած են համարվում դեռևս 90-ականների սկզբից։ Եվ իհարկե նաև մեր մյուս հայրենակիցները, որոնք անհայտ կորած են համարվում 2020 թվականի իրադարձությունների հետևանքով և դրանից հետո։
Ակնհայտ է, իհարկե, որ այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է։ Եվ պիտի արձանագրեմ, որ նաև Դուբլինում տեղի ունեցած քննարկումների համատեքստում մենք առավել կոնկրետ ու մանրամասն ենք քննարկել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման շուրջ համագործակցությունը ավելի ինստիտուցիոնալ դարձնելու խնդիրները։
Աամենակարևոր պրոբլեմներից և բարդություններից մեկն այն է, որ թեմայի շուրջ կա մեծ և լրջագույն անվստահություն։ Կա անվստահություն անհայտ կորած անձանց հարազատների կողմից։ Կա անվստահություն Կառավարության նկատմամբ, որովհետև անհայտ բառը բերում է շատ վարկածների համար մեծ հնարավորություն և տարածք, որովհետև մարդիկ մտածում են,որ Կառավարությունն ինչ-որ բան գիտի և չի ասում, ինչ-որ տեղեկություն գիտի և չի կիսում։ Եվ սա ամենադժվար կառավարվող իրավիճակներից մեկն է»,- ասել է վարչապետը։









