ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է ավագ բուժաշխատողների անհատական լիցենզավորման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ Համապատասխան ժամկետները կհստակեցվեն նաև հարակից օրենքներում։
Ակնկալվում է, որ նախաձեռնությունը թույլ կտա անհատական լիցենզավորման համակարգը ներդնել փուլ առ փուլ և առանց ցնցումների՝ ապահովելով անցումային շրջանի սահուն ընթացքը։ Բուժաշխատողների տարբեր խմբերի համար կստեղծվի հստակ իրավական դաշտ, ինչը կերաշխավորի նրանց մասնագիտական աշխատանքի ու կրթության անընդհատությունը։ Բացի այդ, մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը կլինիկական օրդինատուրա ընդունվածները կկարողանան կամավոր սկզբունքով ստանալ անցումային լիցենզիա և ուսմանը զուգահեռ օրինական հիմունքներով աշխատել։
Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։










