Հոկտեմբերի վերջին օրերին մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին չի մասնակցի, քանի որ այդ օրերին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն Բաքու է այցելելու։ Հոկտեմբերի 29-ին, սակայն, Վրաստան է մեկնել Ադրբեջանի վարչապետ Ասադովը։
Այդ այցի կարևորությունը կողմերը տեղեկատվական տիրույթում չեն հրապարակայնացնում։ Մինչդեռ Կոբախիձեն և Ասադովը պայմանավորվել են արագացնել վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատումը։ Խորհրդանշական է, որ նրանց հանդիպումը կազմակերպվել է սահմանամերձ Սիղնախի բնակավայրում։
Չնայած Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների գործընկերային և դաշնակցային բնույթին՝ միջպետական սահմանի տասնհինգ հատված մնում է չսահմանազատված։ Հատկապես բարդ է Դավիթ Գարեջի վանական համալիրի խնդիրը։ Ադրբեջանը պնդում է, որ այն ոչ թե վրացական, այլ աղվանական է։
Այս համատեքստում վրացական աղբյուրները խիստ կարևոր տեղեկություն են տարածել։ Նոյեմբերի 10-ին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ուրբնիսի և Ռուիսի մետրոպոլիտ Հոբը (Ակիաշվիլի) հայտարարել է, որ անհրաժեշտ է «ահազանգ հնչեցնել», քանի որ այսպիսի պայմաններում շարունակել ապրել այլևս անհնար է, իսկ Վրաստանի ներկայիս իշխանությունը սպառել է իր հնարավորությունները։
Վրաց Ուղղափառ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը Վրաստանի կառավարությանը մեղադրել է «խաղաղության պահպանման անվան տակ վրաց ժողովրդի ազգային շահերը ոտնահարելու» համար և անդրադարձել նաև Դավիթ Գարեջի վանական համալիրի ճակատագրին՝ այն անվանելով «երկրորդ Երուսաղեմ»։ Սրբազանը նաև իշխանություններին քննադատել է Վրաստանում «արաբական քաղաքներ կառուցելու» համար։ Նա նկատի է ունեցել երկու զբոսաշրջային կենտրոնի կառուցումը, որն իրականացնում են Արաբական Միացյալ Էմիրությունների կառուցապատող ընկերությունները։
Իշխանություններին մետրոպոլիտ Հոբի կողմից «խաղաղության պահպանման անվան տակ վրաց ժողովրդի ազգային շահերը ոտնահարելու» համար ներկայացված մեղադրանքը նրա անձնակա՞ն գնահատականն է, թե՞ համաձայնեցված է Համայն Վրաստանի պատրիարք Շիո Երրորդի հետ, դժվար է ասել։ Հոկտեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն շատ կոշտ է արձագանքել Գախի շրջանում գտնվող Սուրբ Գևորգ վրացական եկեղեցու վերանորոգման շուրջ Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանի հայտարարությանը։ Պաշտոնական Բաքուն վրաց հոգևորականությանը հորդորել է «չկրկնել Հայաստանյայց Եկեղեցու հայտնի մոտեցումները»։
Նոյեմբերի 12-ին Դուբլինում Ադրբեջանի նախագահի և Վրաստանի վարչապետի հանդիպում տեղի չի ունեցել։
Վահրամ Աթանեսյան










