Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնությունում։ Ասլանյանը ԱԱ եզրափակչում 8։4 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամմադլիին ու հռչակվել աշխարհի չեմպիոն։
Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության է հասել ռումինացի մրցակցի նկատմամբ, ապա 1/8 եզրափակչում 8։0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին։ Քառորդ եզրափակչում Ասլանյանը 9։0 հաշվով հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 12։4 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի նկատմամբ։





Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալին՝ վճռորոշ գոտեմարտում 4։1 հաշվով առավելության հասնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովի նկատմամբ։
ԱԱ-ի բրոնզե մեդալը նվաճելուն մոտ էր նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիրը երրորդ տեղի համար պայքարում գոտեմարտել է Կուբայի ներկայացուցիչ Օրտա Սանչեսի հետ և 6։8 հաշվով զիջել մրցակցին։
Այսպիսով՝ հունահռոմեական ոճի մեր ըմբիշներն աշխարհի առաջնությունն ավարտել են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով։










