COP17-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ մասնակցել է «Կենսաբազմազանություն, էկոհամակարգեր և առողջություն․ «Մեկ առողջություն» մոտեցումը՝ Հայաստանում դիմակայուն համայնքների ձևավորման համար» խորագրով միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Ելույթում նախարարն ընդգծել է, որ կենսաբազմազանության պահպանությունն անմիջականորեն առնչվում է մարդու առողջությանը։ Առողջ էկոհամակարգերն ապահովում են մաքուր ջուր, անվտանգ սնունդ և կայուն կլիմա, իսկ դրանց վատթարացումը մեծացնում է նաև հանրային առողջության ռիսկերը։

«Մեկ առողջություն» մոտեցումը պահանջում է շրջակա միջավայրի, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների համատեղ աշխատանք՝ տվյալների փոխանակումից ու վաղ նախազգուշացումից մինչև հիվանդությունների կանխարգելում։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի՝ 2026–2030 թվականների կենսաբազմազանության ազգային ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախատեսված քայլերը՝ Սևանա լճի աղտոտվածության նվազեցման, գետերի մաքրման, արոտավայրերի կայուն կառավարման և էկոհամակարգերի պահպանության ուղղությամբ։
Բնության պահպանությանն ուղղված յուրաքանչյուր քայլ ներդրում է նաև մարդկանց առողջության, բարեկեցության և համայնքների դիմակայունության մեջ։










