Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, ենթակա են տրամադրման շահագրգիռ անձանց միայն սույն օրենքով նախատեսված կարգով, իսկ այլ անձանց՝ բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ՝ ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից բխում է, որ անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ուսումնասիրություն չսկսելու մասին, Իրավասու մարմնին հայտնի են դառնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված աղբյուրներից ստացված հաղորդումներով, որոնք հանդիսանում են հիմք ուսումնասիրություն սկսելու կամ չսկսելու, իսկ այդ հիմքերը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գաղտնի են:
Միաժամանակ, նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավասու մարմինը նախաձեռնված բռնագանձման վարույթների և դրանց արդյունքների վերաբերյալ հրապարակում է տարեկան հաշվետվություն՝ պահպանելով սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տվյալների գաղտնիության ապահովման պարտականությունը։
Այսինքն՝ Օրենքի կիրառման արդյունքների ամփոփման և հրապարակման պարտականությունը վերաբերում է նախաձեռնված բռնագանձման վարույթներին և դրանց արդյունքներին:










