Այսօր տեղի ունեցած հերթական նիստում Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Օրինագծերի նպատակը հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը վնաս ստացած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հստակեցումն ու ընդլայնումն է, պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարձրացումը:
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է գործող կարգն ու նախատեսվող փոփոխությունները. «Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով վնասվածք ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին օրենքով սահմանված դեպքերով, կարգով և չափով պետական բյուջեից տրամադրվում են զինվորական կենսաթոշակ և պարգևավճար։ 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած հատուցման դեպքերով Զինապահ հիմնադրամի կողմից խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվում են հատուցման գումարներ։ Միաժամանակ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումների հիման վրա հատուցումներ են տրամադրվում նաև 2008-2016 թթ. տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված դեպքերի համար։ Ընդ որում, պետական բյուջեից տրվող զինվորական կենսաթոշակի և պարգևավճարի գումարը հիմնադրամը լրացնում է այնքան, որ դրանց հանրագումարը հավասար լինի նույն հատուցման դեպքով տրվող հատուցման գումարին։ Հիմա մեր նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենքով սահմանված հատուցման դեպքերի շրջանակը ընդլայնել՝ ներառելով 1998-2007 թթ. մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը»։
Նախարարը տեղեկացրել է, որ այդ ժամանակահատվածի դեպքերը որպես հատուցման դեպք որակելու համար նախատեսվում է հիմք ընդունել զինծառայողի անձնական գործում առկա համապատասխան փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում միշտ գերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը կամ դատական կարգով հաստատված հանգամանքները։ «Մեր նախնական գնահատականներով խոսքը 389 անձի մասին է։ Քանի որ նշեցի՝ անձնական գործերը միջգերատեսչական հանձնաժողովով պետք է նայենք, և նաև կարող են լինել դատական գործեր, կարող են շատ փոքր թվով տարբերվել, բայց հիմնականում այս շրջանակներում է լինելու։ Կարծում եմ՝ շատ կարևոր քայլ է Կառավարության կողմից»,- ասել է Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշել է նաև, որ հատուցման գումարների կրճատում չի լինի, ավելին՝ որոշ դեպքերում տրամադրվող միջոցները կավելանան։
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է. «Նախկինում խոսել ենք, որ այս ճանապարհով ենք գնալու, բայց նաև ուզում եմ ասել, որ նման որոշման համար էլ հաստատված խաղաղությունն ունի որոշակի և էական դեր»։










