ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հետաքրքրվեց՝ TRIPP-ի հողային շերտի լայնությունը ինչքա՞ն է լինելու, նավթամուղը, գազամուղը, երկաթուղին, ավտոճանապարհը մի տեղո՞ւմ են լինելու, թե՞ ցրված են լինելու, լինելո՞ւ են կանգառներ ՀՀ տարածքում։
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ TRIPP-ը մեկ ընդհանուր միջանցք կամ հողաշերտ չէ, և բոլոր ենթակառուցվածքները չեն կարող կենտրոնացած լինել նույն նեղ տարածքում։
«Մեղրու երկաթուղու երկայնքով նավթամուղ կամ գազամուղ չեմ պատկերացնում: Այդտեղ տեղ չկա, շատ քիչ տեղ կա, տարածք կա, որտեղ և գործել է ժամանակին [երկաթուղին]: Ֆիզիկական հնարավորություն էլ չկա, եթե նույնիսկ միտքը թույլ տա: Այդտեղ մի կողմից կա գետ, կա մի փոքր շերտ, և կան ժայռեր։ Այնտեղով ամենահարմարն է, որ անցնի երկաթուղին… Նավթամուղ և գազամուղ այդտեղ չեմ պատկերացնում»,- ասաց նա՝ չբացառելով, որ նավթամուղը կարող է անցնել, օրինակ, Հայաստանի հյուսիսով:
Տեղանքները, ըստ նախարարի, որոշված չեն, հետևաբար լայնության մասին հարցին դժվարացավ պատասխանել:
Անդրադառնալով ճանապարհին կանգառներ ունենալու մասին հարցին՝ Արարատ Միրզոյանը հաստատեց՝ կանգառներն անհրաժեշտ են, քանի որ կարող է լինել իրավիճակ, որ ՀՀ-ն կարիք ունենա օգտագործել երկաթուղին:
«Իրավունք ունենք լիարժեք օգտագործել, բան դնել ռելսի վրա և տանել աջ կամ ձախ, ասենք, տանել մեր կողմից ձախ, այսինքն՝ Նախիջևան, Նախիջևանով բարձրացնել Երասխ, մտցնել Հայաստան կամ հակառակը՝ Նախիջևանում իջեցնել (այդ կտորում կա կապ ԻԻՀ-ի հետ, և ահա այստեղ կարող ենք իջեցնել), ձախ տանելիս իջեցնել ԻԻՀ, և ունենալ ԻԻՀ-ի հետ երկաթուղային կապ:
Սա ևս մեր պատմության մեջ աննախադեպ, օրինակը չունեցող, հետևաբար պատմական հնարավորություն է մեզ համար»,- ասաց նա՝ չբացառելով, որ կարելի է տանել նաև Ադրբեջան և Ադրբեջանից անդին՝ Կենտրոնական Ասիա, Չինաստան, նաև դեպի հյուսիս՝ Ռուսաստան:
Միրզոյանը նաև չբացառեց, որ ինչ-որ պահից կարող են լինել նաև ուղևորափոխադրումներ, և երկաթուղով եկող մարդը կանգառ կանի ՀՀ-ում:










