Հոկտեմբերի 19-ին COP17-ի Կապույտ գոտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի համանախագահությամբ գործող՝ Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES)։
Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Կոլումբիայի Հանրապետության շրջակա միջավայրի և կայուն զարգացման փոխնախարար Դավիդ Ֆելիպե Օլարտե Ամայան և Reverse the Red շարժման ներկայացուցիչ Կիրա Մայլհեմը։
Արամ Մեյմարյանն ընդգծել է տեսակների պահպանության գործում գիտական գիտելիքի, պետական կառավարման և գործնական գործողությունների համադրման կարևորությունը։ Նա նշել է, որ CARES-ը հնարավորություն կտա երկրներին փոխանակել փորձը, օգտվել միջազգային փորձագիտական աջակցությունից և խթանել տեսակների վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավումը։
Կոալիցիայի նպատակն է համախմբել երկրների ջանքերը՝ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 4-րդ թիրախի իրականացման համար։
Կոալիցիայի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Reverse the Red գործընկերությունը։










