Եկեղեցու խնդիրները քննող հանձնաժողովն արդեն իսկ ստեղծված է, մենք չենք քննարկում՝ սահմանադրակա՞ն է, թե՞ հակասահմանադրական: Հակասահմանադրականի հետ կապված մենք որևէ խնդիր չունենք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Եկեղեցու խնդիրները քննող հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է:
«Հանձնաժողովն արդեն իսկ ստեղծված է և քննելու է բոլոր այն ապօրինությունները, որոնք զեկույցում (նկատի ունի Եկեղեցու խնդիրների մասին զեկույցը՝ խմբ.) տեղ են գտել»,- ասաց Չախոյանը՝ չբացառելով, որ Գարեգին Բ-ին ևս հրավիրեն հանձնաժողով:
Տարոն Չախոյանը հայտարարեց՝ վարչապետի աշխատակազմի հրապարակած զեկույցում նշված բոլոր խնդիրների, որոնք Եկեղեցում տասնամյակներով եղել են և շարունակում են լինել, պատասխանատուն հենց Գարեգին Բ-ն է:
Հարցին՝ ինչպե՞ս է ընդգրկվել հանձնաժողովի անդամների կազմում, Տարոն Չախոյանը պատասխանեց. «Ես հաշտ չեմ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում այսօր Եկեղեցում, և կարծում եմ, որ ինձնից կախված բոլոր ջանքերը պետք է ներդնեմ, որպեսզի շտկեմ բոլոր այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում Եկեղեցում»:
Հարցին, թե ո՞րն է Եկեղեցու հարցն Ազգային ժողով բերելու և քննիչ հանձնաժողով ստեղծելու նպատակը, Չախոյանը պատասխանեց, որ նպատակը եղած խնդիրների համար օրենսդրական ճանապարհով լուծումներ գտնելն է:
«Օրինակ՝ տևական ժամանակ գրեթե բոլորին էլ հայտնի է, որ Եկեղեցու ներսում կա սև, թաքնված փողերի շրջանառություն:
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ պետք չէ, որ բարձրաստիճան եկեղեցականներն այսուհետև սկսեն տարեկան հայտարարագիր ներկայացնել, ինչպես բարձրաստիճան պաշտոնյաները»,- ասաց նա:










