Ռուսական ուժերն ավիառումբերով հարվածել են Զապորոժիեին, այդ թվում՝ բնակելի հատվածի: Շրջանային ռազմական վարչությունից հայտնել են, որ զոհվել է յոթ մարդ, որոնցից երեքը՝ երեխա, կա առնվազն տասը վիրավոր: Փլատակներում է առնվազն 14 մարդ։
Ռուսական կողմն էլ հայտնել է, որ ուկրաինական ուժերն ավելի քան 500 ԱԹՍ-ներով հարձակվել են Ռուսաստանի շրջանների վրա։ Ռոստովի մարզում վնասվել են երկաթուղային կամուրջն ու բնակելի տներ, տուժել է 6 մարդ: Գնացքների երթևեկությունը դադարեցվել էր, սակայն առավոտյան այն վերականգնվել էր։ Նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ շրջանում ոչնչացվել և ճնշվել է ավելի քան 100 դրոն:
Լրատվամիջոցները գրում են, որ Դոնի Ռոստովի երկաթուղային շրջանում հրդեհվել է նավթային տերմինալ: Ըստ տեղեկության՝ այն ապահովում է նավթամթերքների փոխադրումը արտահանման համար և օգտագործվում է ՌԴ բանակին վառելանյութով ապահովելու համար:










