ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։
Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների օրենսդրության պահանջների անհամապատասխանություններ։
Մասնավորապես, 110 գնման ընթացակարգում հայտնաբերվել են օրենսդրությանը հակասող կամ խտրական պայմաններ և պահանջներ պարունակող տեխնիկական բնութագրերով հրավերներ։ Արձանագրված խնդիրների շտկման նպատակով պատվիրատուներին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։
Բացահայտվել է 2 տնտեսվարողի մասնակցության դեպք, որոնք փոխկապակցված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների հետ։
Դրանցից մեկի դեպքում պատվիրատուն միակողմանիորեն լուծել է կնքված պայմանագիրը։
Գնումների ընթացակարգերի վերաբերյալ պարտադիր հրապարակման ենթակա նյութերը չհրապարակելու կամ թերի հրապարակելու 38 դեպքի մասին տեղեկատվություն է տրամադրվել 29 պատվիրատուի՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։ Արդյունքում 9 պատասխանատու անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։
Առանձին դեպքերով արձանագրվել են նաև ինքնարժեքից առերևույթ ցածր գնային առաջարկներ ներկայացնելու և հաղթող ճանաչվելու դեպքեր։ Նմանատիպ 4 դեպքերից 2 տնտեսվարողի գործողությունների վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Եվս 2 տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ ուսումնասիրության նպատակով։
Առավել մեծ ծավալի խնդիրներ են արձանագրվել 80 գնման ընթացակարգում, որոնց ընդհանուր գնման արժեքը կազմել է 3,2 մլրդ դրամ։ Այդ ընթացակարգերում, ըստ Ծառայության արձանագրած տվյալների, փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ համակարգում ներկայացրել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և ճանաչվել առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ։ Հետագայում, չկնքելով գնման պայմանագրեր՝ նրանք խափանել են գնման ընթացակարգերը՝ պատվիրատուներին և մյուս մասնակիցներին պատճառելով առանձնապես խոշոր չափի վնասներ։
Նշված դեպքերի վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հանցագործության մասին 4 հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։




