ՏԿԵՆ-ում Ֆրեզնոյի քաղաքապետի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

ՏԿԵՆ-ում Ֆրեզնոյի քաղաքապետի հետ քննարկվել են  համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերրի Դայերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Ֆրեզնոյի և նրա հայկական համայնքի առանձնահատուկ դերը Հայաստան-ԱՄՆ կապերի ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրեզնո քաղաքի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման, քաղաքային կառավարման, համայնքային ենթակառուցվածքների և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։

Իվանյանը կարևորել է Ֆրեզնոյի քաղաքային կառավարման փորձի ուսումնասիրությունն ու Հայաստանի համայնքների և Ֆրեզնոյի միջև մասնագիտական կապերի ընդլայնումը՝ փորձի փոխանակման, մասնագետների փոխայցերի և համատեղ ծրագրերի միջոցով։

Անդրադարձ է կատարվել նաև Վաղարշապատ-Ֆրեզնո քույր քաղաքների համագործակցությանը։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ առկա կապը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տեղական ինքնակառավարման, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի և տնտեսական զարգացման ոլորտներում համագործակցության խորացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ջրամատակարարման, կեղտաջրերի կառավարման և ենթակառուցվածքների արդիականացման ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ առանձնացնելով համագործակցության կոնկրետ ուղղություններ և ձևաչափեր։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©