Կառավարությունը նախատեսում է Վանաձորում և Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլի մարզադաշտեր կառուցել կամ վերակառուցել։ Այդ նպատակով մարզադաշտերի շինարարության և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացը նախատեսվում է կազմակերպել «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 1-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Նախագծի որոշման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ 2029 թվականին Հայաստանում և Վրաստանում համատեղ պետք է կազմակերպվի ՖԻՖԱ-ի՝ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Մենք ունենալու ենք առաջնությանը մասնակցող 24 թիմ, ընդհանուր առմամբ անցկացվելու է 52 խաղ, որոնց կեսն անցկացվելու է Հայաստանում։
Նախատեսում ենք, որ այս խաղերից 15-17-ը կկազմակերպվեն Երևանում, 9-10-ը՝ Իջևանում և Վանաձորում, և որպեսզի սա ապահովվի, պետք է ունենալ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտեր, որոնք առնվազն 10 հազար տեղանոց են»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ 2029-ի մարտին մարզադաշտերը պետք է շահագործման հանձնված լինեն և պետք է լինեն սերտիֆիկացված։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ՀՀ-ում ի վերջո ստեղծվում են ֆուտբոլի ինստիտուցիոնալ զարգացման հիմքերը։
Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին 1 ամսվա ընթացքում այցելել է «Նոա» ֆուտբոլական ակումբի ակադեմիա, իսկ երեկ բացվել է իտալական «Յուվենտուս» ակումբի հայաստանյան ակադեմիան, ապա եզրակացրեց.
«Այն, ինչի մասին այս դահլիճում և տարբեր դահլիճներում խոսում էինք, երբեմն նաև վակուումի մեջ, հիմա այդ ամենը առարկայանում է, որովհետև ֆուտբոլը Հայաստանում սկսում է դառնալ տնտեսության ճյուղ, որովհետև մարդիկ կոնկրետ ներդրում են անում այս տրամաբանության մեջ»։










